ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ձերբակալման կապացությամբ՝ նշելով, որ գործող իրավապահ համակարգն իրականացրել է «օրվա ռեժիմի քաղաքական պատվերը»։
«Բացահայտ է և աներկբա. Արմեն Աշոտյանը քաղաքական հալածյալ է, իսկ գործող իրավապահ համակարգն իրականացրել է օրվա ռեժիմի քաղաքական պատվերը:
Կատարվածը Հայաստանում օրեցօր խորացող բռնաճնշումների, ընդդիմադիրներին լռեցնելու, երկրում տիրող վախի և հուսահատության մթնոլորտը խորացնելու նպատակ է հետապնդում:
Սա իշխանությունների` հատկապես Հայաստանի և Արցախի Հանրապետություննների առջև ծառացած գոյութենական սպառնալիքներից հանրությանը շեղելու և սեփական դիրքերն ամրապնդելու հերթական սին քայլն է:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը դատապարտում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում երկրում խորացող հակաժողովրդավարական և հակաիրավական այս ընթացքի վրա։
Ընդդիմադիր սկզբունքային գործիչների արդար ընդվզումը հնազանդեցնելու բոլոր քայլերը կարճատես են և դատապարտված»,-ասվում է հայտարարության մեջ։
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ Աշոտյանը ձերբակալվել է խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով: ՔԿ-ից հայտնել են, որ նա «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում խախտել է խափանման միջոցի պայմանները:
ՀՀԿ գործադիր մարմինը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման և որ տեղի ունեցողն ուղղակիորեն համակարգվում է երկրի բարձրագույն իշխանության դե ֆակտո ներկայացուցիչների կողմից։