AM
16 June 2023 - 09:26 AMT

Փաշինյան․ Անգամ առաջին անհրաժեշտության սննդամթերքի մատակարարումն է ԼՂ դադարեցվել՝ էթնիկ զտումն էլ ինչպես է լինում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղ արտաքին աշխարհից սնունդ չի մտնում, անգամ առաջին անհրաժեշտության սննդամթերք, ու նաև թույլ չի տրվում անհետաձգելի բժշկական օգնության կաիրք ունեցող քաղաքացիների անցումը Լաչինի միջանցով:

«Այս գործողությունները ևս մեկ անգամ հիմնավորում են մեր այն մտավախությունը, թե Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականություն է վարում: Չնայած տվյալ դեպքում խոսքը ոչ թե մտավախության, այլ գործողությունների մեկնարկի: Էլ ինչպե՞ս է լինում Էթնիկ զտումը՝ արգելափակվում է ԼՂ-ի հայերի սննդի, գազի, էլկտրականության մատակարարումը, նույնիսկ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների տեղաշարժը»,-ասել է վարչապետը։

Նա հավելել է, որ Արցախում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիներն էլ են թիրախավորվում, հայտնվում Ադրբեջանի ԶՈւ կրակի տակ։

«Եթե նախորդ ամսվա ընթացքում քարոզչական նպատակներով Ադրբեջանը որոշ անցանելիություն էր ապահովում Լաչինի միջանցքով՝ Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների միջոցով, ապա, հունիսի 15-ից այդ անցանելիությունը ևս զրոյացվել է»,-ասել է Փաշինյանը։

Ըստ նրա, Հայաստանն այս իրավիճակում պետք է բարձրաձայնի այդ մասին միջազգային հարթակներում և ոչ միայն կազմակերպությունների և օտարերկրյա կառավարությունների, այլև հանրությունների մակարդակով։

Նա մեկ անգամ ևս կարևորել է Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը միջազգային մեխանիզմի շրջանակներում ԼՂ հայության իրավունքների և անվտանգության ապահովման հարցերի շուրջ։

Հունիսի 15-ի առավոտյան Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումներն արգելվել են Ադրբեջանի կողմից:

Մասնավորապես, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 25 բուժառու և նրանց հարազատներ էին տեղափոխվում Արցախից Հայաստան, սակայն Քաշաթաղի միջանցքում գործող ապօրինի ադրբեջանական անցակետում արգելվել է մեքենաների հետագա տեղաշարժը՝ նրանց ստիպելով վերադառնալ Ստեփանակերտ: