ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կալանավորվել է 2 ամսով: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Արմեն Աշոտյանը կալանավորվեց 2 ամիս ժամկետով: Ա. Աշոտյանը նիկոլական ռեժիմի քաղբանտարկյալ է»,-գրել է նա։
ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն հայտարարություններ են տարածել՝ նշելով, որ Աշոտյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման։
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ Աշոտյանը ձերբակալվել է խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով: ՔԿ-ից հայտնել են, որ նա «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում խախտել է խափանման միջոցի պայմանները:
ՀՀԿ գործադիր մարմինը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման և որ տեղի ունեցողն ուղղակիորեն համակարգվում է երկրի բարձրագույն իշխանության դե ֆակտո ներկայացուցիչների կողմից։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ձերբակալման կապացությամբ՝ նշելով, որ Արմեն Աշոտյանը քաղաքական հալածյալ է, իսկ գործող իրավապահ համակարգն իրականացրել է օրվա ռեժիմի քաղաքական պատվերը:






