Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ առաջիկայում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Վաշինգտոնում։
«Հուսով եմ, որ վաշինգտոնյան նախորդ հանդիպման ժամանակ արձանագրված որոշակի առաջընթացը կզարգանա»,- ասել է նա։
Նա նշել է, որ առավել ևս այն բանից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանի տարբեր հատվածներում լարվածություն ստեղծելու փորձերն անհասկանալի են և անընդունելի։
Ըստ վարչապետի՝ պետք է ֆիքսել սահմանազատման հիմքը և ձեռնամուխ լինել բուն սահմանազատման և սահմանագծման գործընթացին։
Նա հույս է հայտնել որ կոնկրետ քայլեր կձեռնարկվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը միջազգային մեխանիզմի շրջանակներում ԼՂ հայության իրավունքների և անվտանգության ապահովման հարցերի քննարկման ուղղությամբ։
ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Վաշինգտոնում կայանալու էր հունիսի 12-ին, սակայն, այն հետաձգվեց ադրբեջանական կողմի խնդրանքով։ Հետաձգման որևէ կոնկրետ պատճառ չի նշվել։