AM
16 June 2023 - 10:52 AMT

Փաշինյան․ ՀՀ տարածքով միջանցքային որևէ տրամաբանություն անընդունելի է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված տարածաշրջանի տրանսպորտային ու տնտեսական կապերի ապաշրջափակմանը, մեկ անգամ ևս կրկնել է, որ Հայաստանի տարածքով միջանցքային որևէ տրամաբանություն անընդունելի է։

«Ընդգծում եմ, որ Հայաստանի տարածքով միջանցքային որևէ տրամաբանություն անընդունելի է։ Այս իմաստով ակնկալում եմ, որ միջազգային գործընկերներն Ադրբեջանի կողմից օգտագործվող սադրիչ բառապաշարի գործածումից կխուսափեն», – նշել է նա։

Վարչապետն ասել է, որ Հայաստանը պատրաստ է ապաշրջափակման երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության ու հավասարության սկզբունքների հիման վրա։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի բացումն անխուսափելի է»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում ասել է, որ «Զանգեզուրի միջանցքը» ոչ թե Հայաստանի, այլ Իրանի հետ կապված հարց է։