AM
16 June 2023 - 13:28 AMT

Թաթոյան. Քննչական մարմնի հայտարարությունը և հրապարակած ձայնագրությունը պետք է լինեին համոզիչ

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահի կալանավորմանը, գրել է, որ Արմեն Աշոտյանի կալանքի հետ կապված քննչական մարմնի հայտարարությունը և հրապարակած ձայնագրությունը պետք է լինեին համոզիչ։

«Արմեն Աշոտյանին խափանման միջոցի պայմանների խախտելու հիմքով ձերբակալման և կալանքի ներկայացնելու հետ կապված՝ քննչական մարմնի հայտարարությունը և հրապարակած ձայնագրությունը պետք է լինեին համոզիչ՝ հատկապես հաշվի առնելով, որ ձերբակալումը տեղի ունեցավ արդեն իսկ տևական ժամանակ նախաձեռնված վարույթով: Անհրաժեշտ էր ցույց տալ [հստակ] ազատությունից զրկելու հետ չկապված տևական ժամանակ ընտրված կոնկրետ խափանման միջոցի` բացակայելու արգելքի պայմանների և այդ պայմանները խախտելու միջև կապը:

Մարդու անձնական ազատության իրավունքի սահմանափակման համար պետությունն ակնհայտորեն պարտավոր է ապահովել իր գործողությունների հստակություն ու հիմնավորումների բարձր աստիճանը:

Այս պայմաններում կալանքի միջնորդության քննությունը պետք է ենթարկվեր հրապարակային քննության, առավել ևս, որ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրքը տալիս է նման հնարավորություն: Ավելին, այս կարգավորումը նոր օրենսդրության հիմնարար արժեքներից է:

Կոնկրետ դեպքում չի կարող լինել նաև նախաքննության գաղտնիքի հարց, քանի որ քննչական մարմինն ինքն արդեն գործի հանգամանքները հանրայնացրել է:

Այս պարագայում հիմնավորման բեռը պետության պարտավորությունն է:

Քննչական մարմնի հայտարարությունն ունի նաև փաստաբանի ինստիտուտը վարկաբեկող և վտանգներ պարունակող ձևակերպումներ ու մասեր: Նման բնույթի հայտարարությունները, ձևակերպումները պետք է բացառվեն առհասարակ»,- ասվում է հրապարակման մեջ։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կալանավորվել է 2 ամսով: ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն հայտարարություններ են տարածել՝ նշելով, որ Աշոտյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ Աշոտյանը ձերբակալվել է խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով: ՔԿ-ից հայտնել են, որ նա «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում խախտել է խափանման միջոցի պայմանները: