AM
16 June 2023 - 14:23 AMT

Վարչապետը Հնդկաստանի դեսպանի հետ խոսել է Երասխի միջադեպի մասին, ապաքինում մաղթել վիրավորված հնդիկներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Նիլակշի Սահա Սինհայի հետ հանդիպմանն անդրադարձել է Երասխում ադրբեջանական կրակի հետևանքով օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի կառուցման շինաշխատանքներում ներգրավված Հնդկաստանի 2 քաղաքացու վիրավորվելու դեպքին և շուտափույթ ապաքինում մաղթել նրանց:

Դեսպան Նիլակշի Սահա Սինհան շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Երասխում վիրավորված Հնդկաստանի քաղաքացիների առողջական խնդիրներին հետամուտ լինելու և ցուցաբերված ուշադրության համար:

Վարչապետը հույս է հայտնել, որ դեսպանի ակտիվ գործունեության արդյունքում հայ-հնդկական հարաբերությունները տարբեր ուղղություններով կշարունակեն զարգանալ: Վարչապետի խոսքով՝ ՀՀ կառավարությունը շահագրգռված է Հնդկաստանի հետ կապերի ընդլայնմամբ, այդ թվում՝ տնտեսության, մշակույթի ոլորտներում:

Զրուցակիցները քննարկել են բիզնես կապերի ընդլայնման, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, կրթության, մշակույթի ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Կարևորվել է երկու երկրների միջև բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը և սերտ կապերի ամրապնդումը:

Հունիսի 13-ից Ադրբեջանի ԶՈւ-ն պարբերաբար կրակ է բացում Երասխի ուղղությամբ։ Հունիսի 14-ին Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել օտարերկրյա 2 քաղաքացի։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանք Հնդկաստանի քաղաքացիներ են։

ՀՀ ԱԳՆ-ն, անդրադառնալով Ադրբեջանի ԶՈւ կողմից բացված կրակին Երասխի մոտ տեղակայված ՀՀ ԶՈւ դիրքերի և քաղաքացիական նշանակության օբյեկտների նկատմամբ, հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը թիրախավորված կրակ է վարել օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ: