Կառավարությունը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) առաջիկայում կներկայացնի Ազգային ժողովի վավերացմանը: Այդ մասին հայտնել են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայտնում է Արմենպրեսը։
Ավելի վաղ մամուլում գրել էին, որ Ազգային ժողովի հերթական նստաշրջանի նիստերի օրակարգում Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացման հարցն ընդգրկված չէ։
Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1999-ին, սակայն չէր վավերացրել։ 2022-ին այս հարցով սահմանադրական դատարան է դիմել կառավարությունը։ Գործադիրը կրկին վերադարձել է Հռոմի կանոնադրության ճանաչման հարցին, քանի որ, ըստ այս նախագծի հիմնավորման, հնարավորություն են տեսնում Ադրբեջանին պատասխանատվության կանչելու:
Ավելի վաղ ՏԱՍՍ գործակալությունը, ՌԴ ԱԳՆ-ում աղբյուրի վրա հղումով, հայտարարել է, որ Մոսկվան միանգամայն անընդունելի է համարում Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտին միանալու Երևանի մտադրությունը՝ ՌԴ ղեկավարի դեմ իրավաբանական ուժ չունեցող «օրդերների» ընդունման ֆոնին։ Աղբյուրն ասել էր նաև, որ հայկական կողմը զգուշացվել է Երևանի նման քայլի «չափազանց վտանգավոր» հետևանքների մասին երկկողմ հարաբերությունների համար։
Մարտի 24-ին ՀՀ ՍԴ-ն որոշում էր հրապարակել, որի համաձայն Հռոմի ստատուտում շարադրված պարտավորությունները ճանաչվել են համապատասխանող երկրի հիմնական օրենքին։ Որոշումը վերջնական է և ուժի է մեջ մտել հրապարակման պահից։