AM
17 June 2023 - 10:27 AMT

ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի նոր դեկան է ընտրվել

Կառլեն Խաչատրյանը ԵՊՀ Գիտական խորհրդի կողմից ընտրվել է Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան: Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Շնորհակալություն եմ հայտնում գործընկերներիս վստահության համար:

Առջևում նոր գաղափարներ ու ծրագրեր են` ի նպաստ Մայր բուհի և ի շահ մեր ուսանողների»,- ասվում է գրառման մեջ։

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը կալանավորվել է։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հ. Ս.-ն, 2000 թվականից զբաղեցնելով Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանի պաշտոնը, նույն ֆակուլտետի ամբիոնի դոցենտ Գ. Տ.-ի և այլ դասախոսների հետ խմբի կազմում՝ 2023 թվականի փետրվարից մարտն ընկած ժամանակահատվածում, ֆակուլտետի տարբեր կուրսերում սովորող ուսանողների օգտին ապօրինի գործողություններ կատարելու դիմաց որպես կաշառք պահանջել և ստացել են տարբեր չափի գումարներ: Հայկ Սարգսյանից բացի կալանավորվել են նաև ամբիոնի դոցենտ Գագիկ Տոնոյանը, կաշառք տված ծնողը Գ. Ա.-ն։

Հակակոռուպցիոն կոմիտեն ֆակուլտետի դեկանի տեղակալին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել։ Սակայն դատարանը նրա նկատմամաբ կիրառել է տնային կալանքը։