AM
17 June 2023 - 11:49 AMT

Երևանում կկառուցվի թափառող կենդանիների մշտական խնամքի կացարան

Թափառող, անտուն շների խնդիրը լուծելու համար «Կենդանիների խնամքի կենտրոնը» նոր կացարան կունենա: Ծրագիրը նախագծման փուլում է:

Կացարանում նախատեսվում է պահել մինչև 300 կենդանի` կախված չափերից, վարքից։

«Նախատեսվող մեծ կացարանը կառուցելու ենք մեր՝ արդեն գործող կացարանի հարևանությամբ: Այսինքն՝ քաղաքի գլխավոր կացարանը լինելու է հենց այս հատվածում: Փորձելու ենք նաև բնական միջավայրը պահպանել: Կլինեն ծառեր, որոնք կապահովեն ստվերը: Առավելագույն մեծ տարածք ենք ներգրավում, որպեսզի կենդանիների զբոսանքը կարողանանք ճիշտ կազմակերպել»,-նշում է «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հարություն Առաքելյանը:

Մեծ ու ընդհարձակ կացարանը կունենա կենդանիների մշտական բնակության համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Տարածքում կապահովվի նաև զբոսանքի և ազատ տեղաշարժի հնարավորություն, հայտնում է Երևանի քաղաքապետարանաը։

Կենտրոնը կհոգա կացարանի պահպանության բոլոր ծախսերը: Կենդանիներն այստեղ կստանան միքանիանգամյա սնունդ: Ընդունվելիս ու նաև հետո բոլոր կենդանիները կանցնեն բժշկական ստուգում, կստերջացվեն, կպատվաստվեն և կլինեն կենդանաբույժների մշտական հսկողության տակ: Խնամքն էլ նախաատեսվում է կազմակերպել կամավորական խմբերի ուժերով:

Այս կացարանը միակը չի լինի Երևանում: «Կենդանիների խնամքի կենտրոն»-ը նախատեսում է ընդհանուր առմամբ 4-5 կացարան բացել քաղաքում:

Մայիս ամսին 122 կենդանու ստերջացում է կատարվել։ Մեկ ամսում որդեգրվել է 10 թափառող շուն: Մայրաքաղաքի փողոցներից հավաքվել է 41 կենդանու դի: