ՌԴ նախագահի Արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովն ասել է, որ ռուսական դպրոցները, որոնց բացումը նախատեսվում է Հայաստանում, կհամապատասխանեն կրթական ամենաբարձր չափանիշներին, հայտնում է Sputnik Արմենիան։
Նշվել է, որ խոսքը գերժամանակակից, լիովին կահավորված դպրոցների կառուցման մասին է, որտեղ ժամանակակից կրթական մեթոդներ կներդրվեն։
Նախագծի իրականացման վերջնաժամկետը դեռ որոշված չէ, սակայն հարցն ակտիվորեն քննարկվում է տարբեր մակարդակներում, այդ թվում՝ ամենաբարձր: Թեման հանդիպման ժամանակ քննարկել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սա նախագահական նոր նախագիծ է։ Մեկ տարի առաջ մենք Տաջիկստանում հինգ ռուսական դպրոց ենք բացել, ինը դպրոց բացելու մասին համաձայնագիր է ստորագրվել Ղրղզստանի հետ։ Մենք հույս ունենք, որ մեզ կհաջողվի գտնել այն ձևաչափը, որը թույլ կտա ամենաժամանակակից կրթական նախագծերն իրականացնել` ըմբռնումով և խորը հարգանքով վերաբերվելով Հայաստանի առանձնահատկություններին ու նրա օրենսդրությանը»,- ասել է Մասլովը։
Նախագիծը բավականին հավակնոտ է և բարդ իրականանալի։ Դպրոցների շենքերը կկառուցվեն 2,5-3 հա տարածքում և նախատեսված կլինեն 1200 մարդու համար։ Բացի այդ, դրանց կից կկառուցվի երկու լողավազան և ֆուտբոլի դաշտ։
Նրա խոսքով՝ Հայաստանում ռուսական դպրոցների բացումը կընդլայնի երիտասարդների հնարավորությունները հայրենիքում, ինչպես նաև ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման ևս մեկ քայլ կդառնա:
Ինչ վերաբերում է Սյունիքում արդեն իրականացված նախագծերին, Մասլովն ընդգծել է, որ այդ տարածաշրջանը պատմականորեն մոտ է և չափազանց կարևոր Ռուսաստանի համար: Նա նաև ուրախությամբ փաստել է որ տարածաշրջանում պահպանվում է հետաքրքրությունը Ռուսաստանի, ռուսական մշակույթի նկատմամբ:
Ավելի վաղ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել էր, որ հայկական կողմը համագործակցության մոդել է առաջարկել հայ-չինական դպրոցի օրինակով, որտեղ կողմերը մասնակցում են ուսումնական ծրագրի կազմմանը և ուսուցիչների վերապատրաստմանը: Արդեն ձևավորվել են աշխատանքային խմբեր, որոնք գործում են այդ ուղղությամբ։