Ազգային ժողովի նախկին պատգամավոր, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ադրբեջանը գնում է նոր էսկալացիայի՝ Թուրքիայի նախագահի այցը ու հնչող հայտարարությունները ևս մեկ անգամ ապացուցեցին դա։
«Երբ պարզ դարձավ, որ Ադրբեջանը հետաձգում է վաշինգտոնյան հանդիպումն իբրև «տեխնիկական» պատճառներով, իմ կանխատեսումներում նշել էի, որ դա ազդանշան է՝ Ադրբեջանը գնում է նոր էսկալացիայի: Էրդողանի այցը ու հնչող հայտարարությունները ևս մեկ անգամ ապացուցեցին դա:
ՀՀ ՊՆ–ն իր վերջին հայտարարություններում արձանագրում է, որ Ադրբեջանի նոր սադրանքի է գնում:
Այս համատեքստում մի կարևոր հարցի պատասխան պետք է գտնել՝ ինչպե՞ս է պատահում, որ երբ հակառակորդը նոր սադրանքի նախապատրաստություն է տեսնում, ՀՀ ղեկավարությունը նորմալ ուղերձներ հղելու ու հանրային դիմադրությունը բարձրացնելու փոխարեն տեղեկատվական տիրույթը լցնում է կեղծ դիսկուրսներով, թե իբրև մեր խնդիրների պատճառը Մասիս սարի հանդեպ վերաբերմունքն է…»։
Ավելի վաղ Հայրապետյանը գրել էր, որ վերընտրված Էրդողանը և այդ երկրի այլ պաշտոնյաներ բազմիցս են հայտարարել, որ «թուրքի ճանապարհն անցնում է նաև Զանգեզուրով…»: «Սա զուտ հայտարարություն չէ, այլ ծրագրերի մասին խոստովանություն: Էրդողանի վերընտրվելուց հետո լրջորեն աճում է ՀՀ–ի դեմ ագրեսիայի գնալու ռիսկը: Դրա համար էլ Բաքվին հարմար է մեղավորներ փնտրել ու չեղարկել այսպես կոչված «խաղաղության» գործընթացը»,-գրել էր նա։