AM
19 June 2023 - 12:55 AMT

Ավինյան․ Կոնդի բնակիչների սեփականության իրավունքները պիտի առաջնահերթ լինեն

Երևանի Կոնդ թաղամասի վերակառուցման ժամանակ բնակիչների սեփականության իրավունքները պետք է լինեն առաջնահերթ: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարել է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Առաջին հարցը, որ պետք է լուծենք, բնակիչների՝ կոնդեցիների իրավունքների պաշտպանության հարցն է։ Փաստացի իրենց սեփականության իրավունքի գրանցումն է այն սահմաններով, որ իրենք տարիներով, որպես փաստ, տիրապետել են, որպեսզի հետագայում՝ կառուցապատման ծրագիր իրականացնելու ժամանակ, խնդիր չունենան կառուցապատողի, օտարողի հետ, այսինքն՝ իրավունքների խախտման խնդիր չլինի»,– հայտարարել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։

Ավինյանն առաջարկել է հունիսի 21-ին քաղաքաշինության կոմիտեի հետ քննարկում անցկացնել քաղաքացիների իրավունքների հարցերով: Բուն նախագծի քննարկման հարցում փոխքաղաքապետը խնդրել է բոլորին հետևողական լինել, քանի որ, ըստ նրա, Կոնդի վերակառուցումը քաղաքապետարանի համար կարևոր ծրագիր է։

Տիգրան Ավինյանը նաև հանձնարարել է կազմել Երևանի Նորագյուղ թաղամասի վերակառուցման ծրագիր։

«Ունենք կոնցեպտի առաջարկ, և դրա շրջանակներում էլ կարող ենք նախաձեռնել նմանատիպ պրոցես»,– ասել է նա։

«Երևաննախագիծ» ընկերության և Լիոնի քաղաքապետարանը պատրաստվում են գործնական քայլերի դիմել ՝ Կոնդի վերակառուցման ժամանակին մշակած նախագծի շրջանակում։