«Ջի Թի Բի Սթիլ» ՍՊ ընկերության հիմնադիրները որոշում են կայացրել Երասխում կառուցվող երկաթի ձուլման գործարանի տարածքում տեղադրել ՀՀ և ԱՄՆ դրոշները:
Դրոշների բարձրացման արարողությունը տեղի կունենա հունիսի 20-ին, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։
Գործարանը Երասխում կառուցվում է ամերիկյան ներդրումներով և պարբերաբար գնդակոծվում է Ադրբեջանի ԶՈւ կողմից։ Հունիսի 19-ին՝ժամը 13:25-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ:
Հունիսի 13-ից Ադրբեջանի ԶՈւ-ն պարբերաբար կրակ է բացում Երասխի ուղղությամբ։ Հունիսի 14-ին Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել օտարերկրյա 2 քաղաքացի։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանք Հնդկաստանի քաղաքացիներ են։
ՀՀ ԱԳՆ-ն, անդրադառնալով Ադրբեջանի ԶՈւ կողմից բացված կրակին Երասխի մոտ տեղակայված ՀՀ ԶՈւ դիրքերի և քաղաքացիական նշանակության օբյեկտների նկատմամբ, հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը թիրախավորված կրակ է վարել օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ: