Արդեն 6 ամսից ավելի ադրբեջանցիների կողմից արգելափակված Լաչինի միջանցքի հարցը ներառվել է ԵԽԽՎ ամառային նստաշրջանի օրակարգում։ Հրատապ թեմայով քննարկումը կկայանա հունիսի 22-ին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը:
Ադրբեջանի պատվիրակությունը փորձել է խոչընդոտել հարցի ներառմանն օրակարգում, սակայն դա նրան չի հաջողվել։
«Ադրբեջանի պատվիրակության ջանքերը՝ տապալել Լաչինի միջանցքի հարցի ներառումը ԵԽԽՎ ամառային նստաշրջանի օրակարգում, տապալվեցին։
Ճնշող մեծամասնությամբ ԵԽԽՎ֊ն ընդգրկեց այս հարցը ընթացող նստաշրջանի օրակարգում»,-ասվում է գրառման մեջ։
Հունիսի 15-ի առավոտյան Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումներն արգելվել են Ադրբեջանի կողմից:
Մասնավորապես, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 25 բուժառու և նրանց հարազատներ էին տեղափոխվում Արցախից Հայաստան, սակայն Քաշաթաղի միջանցքում գործող ապօրինի ադրբեջանական անցակետում արգելվել է մեքենաների հետագա տեղաշարժը՝ նրանց ստիպելով վերադառնալ Ստեփանակերտ: