Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները հունիսի 19-ին այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ և առանձնազրույց ունեցել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ:
Նախաձեռնված քրեական վարույթի և ընտրված խափանման միջոց կալանքի առնչությամբ Աշոտյանը ներկայացրել է իր մտահոգություններն ու դիրքորոշումը:
ՄԻՊ ներկայացուցիչները տեղում ծանոթացել են նրա առողջական վիճակին և պահման պայմաններին։ Արմեն Աշոտյանը ՔԿՀ-ի վարչակազմի վերաբերմունքից, ինչպես նաև պահման պայմաններից բողոքներ չի ներկայացրել։
Այցի արդյունքները կամփոփվեն և անհրաժեշտ պարզաբանումներ ներկայացնելու պահանջով համապատասխան գրություն կուղարկվի ՀՀ գլխավոր դատախազություն։
Աշոտյանը կալանավորվել է 2 ամիս ժամկետով: Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ Աշոտյանը ձերբակալվել է խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով:ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն հայտարարել են, որ Աշոտյանը քաղբանտարկյալ է և քաղհալածյալ։
Ըստ մեղադրանքի, Արմեն Աշոտյանը, հանդիսանալով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, ինչպես նաև ՀՀ կրթության և գիտության նախարարը, դրդել է հիմնադրամի ռեկտոր Միքայել Նարիմանյանին չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները։