AM
20 June 2023 - 07:07 AMT

Ավերածություններ Իջևանում՝ տեղատարափ կարկուտից հետո․ Տապալվել են ծառեր, պոկվել տանիքներ

Տեղատարափ կարկուտից հետո Իջևանում գրանցվել են բազմաթիվ ավերածություններ, վնասվել է գրեթե ամբողջ բերքը, տապալվել են ծառեր, պոկվել՝ տանիքներ, հայտնում է Իջևանի համայնքապետարանը։

Անմիջապես կարկուտից հետո վնասված ենթակառուցվածքները վերականգնելու նպատակով աշխատանքի են անցել Իջևանի համայնքապետարանի կոմունալ ծառայության խմբերը և հատուկ տեխնիկան։

«Աշխատանքները տեղում համակարգում է համայնքի ղեկավարի տեղակալ Արգիշտի Ամիրխանյանը։ Տեղում ծառայություն են իրականցնում և քաղաքացիներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերում ՆԳՆ պարեկային և փրկարար ծառայության, շտապօգնության աշխատակիցները։ Արտակարգ ռեժիմով աշխատում է ՀԷՑ-ը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Իջևանում տեղացած կարկուտից խցանված Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհն արդեն բաց է տրանսպորտային միջոցների համար։