Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում մանրամասներ է հայտնել Շուշիի անկման մասին։
Նա ասել է` հասկանալով, որ Շուշիի անկյունաքարային նշանակությունն էլ ավելի է ընդգծվել, բոլոր հրահանգները Շուշին ամրացնելու, քաղաքի պաշտպանությունը կազմակերպելու վերաբերյալ են եղել։
«Ի վերջո հաստատվեց տպավորություն, որ ամեն անհրաժեշտն արված է։ Բայց այդ նախապատրաստական գործողություններից շատ չանցած՝ լուր եկավ, թե ադրբեջանցիների մի խումբ Զարիսլի գյուղի հատվածում ճեղքել է մեր պաշտպանությունը և կանգնել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին, այսինքն, ըստ էության, փակել ճանապարհը։ Լուրն ինձ հաղորդեց Լեռնային Ղարաբաղի նախագահը, սակայն ԶՈւ գլխավոր շտաբը չէր հաստատում այդ տեղեկատվությունը։
Սա, ի դեպ, պատերազմի ընթացքում արդեն մոտ մեկ տասնյակ անգամ կրկնված իրավիճակ էր, երբ ԼՂ նախագահը լուր էր հաղորդում, ԳՇ-ն չէր հաստատում լուրը, անգամ հերքում էր, իսկ որոշ ժամանակ անց ստիպված էր լինում խոստովանել, որ ԼՂ նախագահի տված տեղեկությունն է ճիշտ։ Այս անգամ էլ այդպես եղավ, երբ լուր եկավ, թե ադրբեջանցիները կրակել են Ստեփանակերտ-Լաչին ճանապարհով շարժվող քաղաքացիական ավտոմեքենայի վրա։ Ըստ էության, այս կետից սկսվեց Շուշիի սողացող անկումը։
Շուշիից անընդհատ ահագնացող լուրեր էին գալիս, որ հակառակորդի առաջին խումբն է մտել Շուշի, հետո երկրորդ, այդպես շարունակ։ Ի վերջո նոյեմբերի 7-ի կեսօրին գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն ինձ զեկուցեց Շուշիի անկման մասին։ Սա ծանր լուր էր ինձ համար, որովհետև իմ բոլոր հրահանգներում, հրամաններում, խորհրդակցություններում ասել էի, որ Շուշին պետք է պահվի, հավաստիացում էի ստացել, որ կպահվի։ Շուշիի անկման լուրը լսելով՝ առաջին արձագանքս պահանջն էր՝ կատարեք այն, ինչ խոստացել եք՝ այսինքն՝ Շուշին պահել, հետ վերցնել։
Ինձ զեկուցեցին հակագործողությունների մասին, հետո ինչ-որ հաջողությունների մասին, հետո ասացին՝ օպերացիան հաջող է ընթանում, հետո՝ Շուշիի ներսում ենք։ Մինչև եռակողմ հայտարարության ստորագրման պահը ինձ զեկուցում էին, որ Շուշիի մի մասը պաշպանության բանակի հսկողության տակ է։
Հետո եղավ եռակողմ հայտարարության ստորագրումը, նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա հաձակումը կառավարության շենքի վրա և երբ 1-2 օրից վերադարձա լիարժեք աշխատանքի, ինձ ասացին, որ մենք Շուշիում ոչ մի զինվոր չունենք»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետը հիշեցրել է, որ Շուշիի անկման դրվագի, ինչպես նաև պատերազմի այլ հանգամանքների հետ կապված քրեական գործեր են հարուցված և այս հանգամանքները դեռևս սպասում են ու պետք է արժանանան մանրամասն պարզաբանման։
Ընթերցեք նաև․ Փաշինյան․ Եռակողմ հայտարարությունը նոյեմբերի 9-ի առավոտյան եմ ստորագրել, Ալիևը չէր ստորագրում՝ նոր պահանջներ առաջ քաշելով