AM
20 June 2023 - 08:41 AMT

Վարչապետ․ Ըստ հոկտեմբերի 19-ի առաջարկի՝ Շուշին նոր ճանապարհով պետք է կապվեր Ադրբեջանին, խաղաղապահներ տեղակայվեին նաև Մեղրիում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում մանրամասներ է ներկայացրել պատերազմը դադարեցնելու փորձերի մասին։ Նա նշել է, որ այդպիսի 5 փորձ է եղել։

Առաջին այդպիսի փորձը եղել է հոկտեմբերի 7-ին, երբ Փաշինյանը զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան կապակցությամբ շնորհավորելու: Նա նշել է, որ խոսել են կրակի դադարեցման մասին՝ վարչապետը Պուտինին ասել է, որ կրակը պետք է դադարի առանց նախապայմանների, որից հետո տեղի կունենան բանակցություններ, բայց Ալիևը չի ուզել հրադադար։

«Հաջորդ օրը ՌԴ նախագահը ինձ տեղեկացրեց, որ հրադադարի համար ադրբեջանական կողմը նախապայման ունի՝ ակնկալում է, որ առանց մարտի իրենց հանձնվի Ֆիզուլին և հայկական ուժերը Արաքսի երկայնքով նահանջեն մինչև Խոդաֆերինի ջրամբար, որտեղից կկարողանան ջուր վերցնել ջրամբարից։ Ալիևը նաև պահանջել է հանձնել մարդասպանության համար իրենց պատիժը կրող Գուլիևին և Ասկերովին՝ հնարավոր համարելով իր հերթին գերիներ վերադարձնել:

Ընդ որում, այս ամենի դիմաց ոչ թե ռազմական գործողությունների դադար էր հայտարարվում, այլ՝ ընդամենը հումանիտար հրադադար՝ զոհվածների հուղարկավորությունը դադարեցնելու համար: Դրանից հետո ռազմական գործողությունները չշարունակելու ոչ մի պայման չպիտի լիներ, գրում է «Առավոտը»։

«Ասացի, որ ընդունելի չեն, քանի որ ՌԴ նախագահն ասել է, որ հրադադարը պետք է հաստատվի առանց նախապայմանների»,-ասել է Փաշինյանը։

Այնուամենայնիվ, Փաշինյանն ասել է, որ Խոդաֆերինի ջրամբարից կարող է ադրբեջանական կողմն էլ օգտվել, Գուլիևին, Ասկերովին հանձնելը ընդունելի չի եղել, իսկ Ֆիզուլին առանց մարտի հանձնելու պայմանը ընդունելի չի եղել: Քանի որ Ալիևը չի գնացել հրադադարի, առաջարկվել է 5 շրջան հանձնել, Ղարաբաղի կարգավիճակը թողնել անորոշ ապագայի:

Ավելի ուշ Պուտինն առաջարկել է ռուսական նախկին տարբերակով լուծման գնալ՝ 5+2 շրջան հանձնել, Ղարաբաղում տեղակայվում են ռուս խաղաղապահներ, Ղարաբաղի կարգավիճակը դարձյալ թողնել անորոշ ապագայի:

Փաշինյանը ներկայացրել է նաև հրադադարի ձախողված մյուս փորձերը, բանակցությունների մանրամասները, երբ արդեն Ֆիզուլին և Ջաբրայիլը ադրբեջանական վերահսկողության տակ են եղել:

Նա նաև անդրադարձել է այն հարցին, թե եղե՞լ է հնարավորություն Շուշին հայկական պահելու։

«2020-ի հոկտեմբերի 19-ին ռուսական կողմն ինձ ասաց, որ ադրբեջանական կողմը ևս մի նախապայման ունի, որ ադրբեջանցի փախստականները, որոնք հակամարտությունից առաջ կազմել են Շուշիի բնակչության 90%-ը, վերադառնան Շուշի: ՌԴ-ի համար սա ընկալելի ակնկալիք էր, քանի որ ասում էին, որ միշտ էլ բանակցային օրակարգում ներառվել է փախստականների վերադարձի հարցը ԼՂ: Ահա ինձ ինչի մեջ են մեղադրում, որ եթե ես համաձայնեի, որ ադրբեջանցիները վերադառնան Շուշի, այն կմնար հայկական վերահսկողության ներքո և թեկուզ ադրբեջանցիներով բնակեցված, կլիներ հայկական: Երբ Շուշիի հարցը բարձրացավ, փորձեցի պարզել, թե ինչպիսի տեսք կարող են ունենալ այդ տարբերակի դեպքում ադրբեջանցիների ակնկալած երաշխիքները: ՌԴ նախագահն առաջարկեց, որ այդ հարցը փոխկապակցության մեջ մտնի ԼՂ կարգավիճակի հետ: Ես այդ ձևակերպմանը համաձայնվեցի, բայց ադրբեջանական կողմը մերժել էր դա ասելով, որ ինքը կարգավիճակի հետ կապված որևէ հարց պատրաստ չէր քննարկել: Ավելին՝ այդ պահին արվող առաջարկի համաձայն, ոչ միայն Շուշիում ապրող, այլև բոլոր ադրբեջանցիները պետք է անարգել հասանելիություն ունենային Շուշիին, այսինքն, 50 հազար ադրբեջանցի կարող էր հյուր գնալ Շուշիում ապրող հայտնի չէ թե ինչքան ադրբեջանցու և այստեղ որևէ սահմանափակում չէր կարող լինել: Ընդհուպ կարող են գնալ և մնալ: Ամենակարեւոր հարցը՝ ինչպե՞ս է ապահովվելու նրանց տեղաշարժը, պարզվեց՝ նոր ճանապարհ պետք է կառուցվի, որը Շուշիին պետք է կապեր Ադրբեջանին, կարող էր այդ ճանապարհը լինել Կուբաթլիով: Նրանք պետք է առանձին ճանապարհ ունենային, որը պետք է դուրս լիներ Լաչինի միջանցքից և լիներ իրենց վերահսկողության ներքո, սա նշանակում էր, որ կարող էին այնտեղ լինել զինված ուժեր: Սա, առանց չափազանցության, Շուշին Ադրբեջանին հանձնելու մասին էր: Դա նշանակում էր, որ Լաչինի միջանցքը չի գործելու, ադրբեջանցիները կարող էին ցանկացած պահի դա փակել»,-ասել է Փաշինյանը։

Սա ամբողջը չի եղել, առաջարկել են խաղաղապահներ տեղակայել ոչ միայն Ղարաբաղում, այլ նաև Մեղրիում՝ ապահովելու Ադրբեջանի արևմտյան շրջանների հաղորդակցությունը Նախիջևանի հետ։

«Ես չհամաձայնեցի նաև դրան, որ ՀՀ տարածքում ՀՀ վերահսկողության տակ չգտնվող շերտ, միջանցք լինի: Իմ դիրքորոշումը ինչպես հիմա, նախկինում էլ եղել է դա»,-ասել է վարչապետը։

Վարչապետի խոսքով՝ արտախորհրդարանական ուժերի հանդիպմանը ներկայացրել է այս ամենը՝ համարելով, որ նրանց դա պատմելով՝ հանրությանն է պատմում: