Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է «Հայաքվե» նախաձեռնության դիմումը, որով նախատեսվում է 50,000 ստորագրություն հավաքել և Ազգային ժողով օրենսդրական նախաձեռնություն ներկայացնել։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 20-ի արտահերթ նիստում բավարարել է 66 քաղաքացու դիմումը՝ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը (Հարցը) քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջարկելու նպատակով նախաձեռնող խումբ կազմավորելու վերաբերյալ»։
Հարցը զեկուցող ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը հայտնել է, որ նախաձեռնող խումբը ԿԸՀ է ներկայացրել «Հանրաքվեի մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։
Նախագիծը հանրաքվեին ներկայացնելու համար անհրաժեշտ ստորագրությունների հավաքումն իրականացվում է ԿԸՀ-ի կողմից նախաձեռնող խմբին գրանցելուց հետո 60 օրվա ընթացքում։ Ստորագրությունների հավաքման ժամկետ է սահմանվել 2023-ի հունիսի 21-ից օգոստոսի 19-ը ներառյալ։ ԿԸՀ-ն Նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ է գրանցել Արամ Պետրոսյանին։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հավելել է, որ նախաձեռնող խումբը նախագծի հետ ԿԸՀ է ներկայացրել նաև դիմում, որը ԿԸՀ-ից ակնկալում էր 7 հարցի պատասխան։ ԿԸՀ նախագահը տեղեկացրել է, որ դիմումատուն՝ նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արամ Պետրոսյանը, նիստի ավարտից հետո կստանա իր դիմումի գրավոր պատասխանը։
«Հայաքվեի» նպատակը Քրեական օրենսգրքում 2 հոդված ավելացնել է՝ քրեական պատասխանատվություն սահմանելով ցանկացած փաստաթղթի ստորագրման դեպքում, որով Արցախի Հանրապետությունը կընդգրկվի այլ պետության կազմում: Մյուս հոդվածով նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու և նրա պատմական նշանակությունը նսեմացնելու համար: