Երևանի մամուլի ակումբի նախագահ է ընտրվել մեդիափորձագետ, CyberHUB-AM թիմի համահիմնադիր Արթուր Պապյանը։ Ակումբի ընդհանուր ժողովը տեղի է ունեցել հունիսի 16-ին։ Օրակարգում եղել են ԵՄԱ նախագահի, վարչության և վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունների քննարկումը, ինչպես նաև կազմակերպչական հարցեր և ընտրություններ։
Քվեարկության արդյունքում ԵՄԱ փոխնախագահ է ընտրվել Սեդա Շիգանյանը, ինչպես նաև ձևավորվել է ԵՄԱ վարչություն՝ խորհրդի կազմից և վերստուգիչ հանձնաժողովը։ Հաստատվել է նաև գործադիր տնօրենի, ինչպես նաև մասնագիտական էթիկայի հանձնաժողովի կազմը։
28 տարի Երևանի մամուլի ակումբի նախագահի պաշտոնը զբաղեցրած Բորիս Նավասարդյանը որոշել է չառաջադրվել որպես ԵՄԱ նախագահի թեկնածու, իր տեղը զիջելով Արթուր Պապյանին, հայտնում է Factor.am-ը։
«Այլ աշխատանքսվ կզբաղվեմ այժմ։ 1995 թվականին Երևանի մամուլի ակումբը ստեղծելու նախաձեռնող խմբում եմ եղել, ապա խորհրդի քվեարկության արդյունքում ընտրվել նախագահ և պաշտոնավարել մինչ 2023 թվականի հունիսի 16-ը, ինչից հետո մնացել եմ որպես պատվավոր նախագահ»,- նշել է Նավասարդյանը։
Երևանի մամուլի ակումբը հիմնադրվել է 1995 թվականին՝ դառնալով անկախ Հայաստանի Հանրապետության լրագրողների առաջին մասնագիտական միավորումը։ Կառույցը Հայաստանում գործող եկամուտ չհետապնդող ոչ կառավարական կազմակերպություն է, որը միավորում է լրագրողներին, հրատարակիչներին, ԶԼՄ-ների ղեկավարներին և փորձագետներին՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից և քաղաքական հայացքներից։