Գործադիրի նիստում հավանության է արժանացել «Հանրակրթության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով ավարտական կուրսի ուսանողները կկարողանան դասավանդել գյուղական դպրոցներում։
ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նախատեսվող փոփոխությունը կարևոր օրենսդրական նախաձեռնություն է, որով ուսուցիչներին գործուղման հնարավորություն է տրվում մարզային բոլոր այն բնակավայրեր, որոնցում դրա կարիքը կա: Նախկինում այս կարգավորումը սահմանափակված էր միայն սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրեր գործուղմամբ:
Ուսուցիչների գործուղման կարգի լիազորող նորմում ավելացվել է «մարզերի» բառը՝ հստակություն մտցնելով ոչ միայն գործընթացի ֆինանսավորման համար, այլև կարգավորելով ուսուցչի բնակության վայրից կոնկրետ ՀՀ մարզեր գործուղվելու հարցը:
«Այս նախաձեռնությամբ հնարավորություն ենք տալու նաև գյուղական բնակավայրերի դպրոցներում աշխատելու ուսուցչի կրթություն ստացող ավարտական կուրսի ուսանողներին: Բոլոր օրենսդրական նախաձեռնություններն արվում են՝ արդիական ենթակառուցվածքներին զուգահեռ որակյալ ուսուցիչներ ունենալու համար»,-նշել է նախարարը:
Նախագծով առաջարկվում է դրույթ ավելացնել՝ ուսուցչի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատության ավարտական կուրսի ուսանողին հնարավորություն ընձեռելով աշխատելու գյուղական բնակավայրի ուսումնական հաստատությունում:
Ըստ նախագծի՝ վարչատնտեսական համակարգողի պաշտոնին հաստատությունից կարող են հավակնել միայն տնօրենը կամ փոխտնօրենը. հաշվապահը կամ մանկավարժական այլ աշխատող, ինչպես նաև ղեկավարման փորձ չունեցող անձը չի կարող դիմել: Փոխարենը՝ նվազեցվել են աշխատանքային ստաժի ժամկետները՝ հավակնորդների շրջանակը ընդլայնելու հնարավորություն ընձեռելով: