ԱԳ նախկին նախարար, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, անդրադառնալով Արցախի նկատմամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությանը, ասել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խեղաթյուրում է դիվանագիտական պատմությունն իր մանր անձնական շահի և իշխանության համար։
«Արցախն ապրում է կրիտիկական և կյանքին սպառնացող օրեր, և մենք պետք է փոխենք հայոց և նաև միջազգային հանրային կարծիքը։ Նիկոլ Փաշինյանը, խոստովանելով, որ Արցախի հայրենակիցներին սպառնում է ցեղասպանություն, և իր քայլերով բերելով Արցախի պաշարում, իսկ բնակչությանն ուղարկելով ցեղասպան Ադրբեջանի ծոցը բանակցությունների՝ դառնում է ցեղասպանության մեղսակից»,–ասել է Հովհաննիսյանը, գրում է Sputnik Արմենիան։
Նախկին նախարարի կարծիքով` Արցախին սպառնում է Նախիջևանի ճակատագիրը, որը 110 տարի առաջ բնակեցված էր հիմնականում հայերով և հայկական օրրան էր, իսկ հիմա հայտնի է, թե ինչ վիճակում է։
Այս իրավիճակում, ըստ նրա, Փաշինյանը, ունենալով Հայաստանի վարչապետի «բիզնես քարտը», հայկական շահը ներկայացնելու փոխարեն ներկայանում է ինչպես Ադրբեջանի վարձած վերլուծաբան և փորձում է ՀՀ դիվանագիտական պատմության մեջ գտնել սխալներ` այդ կերպ փորձելով արդարացնել իր քաղաքական որոշումները, իր ղեկավարած պարտությունը պատերազմում։
Իսկ թե ինչպես պետք է Հայաստանը Նիկոլ Փաշինյանից հետո միջազգային հանրության աչքին հետ բերի հայկական շահերը մեկնարկային վիճակի, որ միջազգային հանրությունը հասկանա, որ հայ ժողովրդի կարծիքը կապ չունի ներկայիս վարչապետի հայտարարությունների հետ, Հովհաննիսյանը դժվարանում է ասել։ Սակայն մի հարցում նա վստահ է` միջազգային հանրության դիրքորոշումը չի կարող միշտ նույնը լինել, և հնարավոր է աշխատել նրանց հետ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե ինչ է նշանակում ՀՀ կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քկմ տարածքով ճանաչելը, ասել է, որ 86,600 քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Փաշինյանն ասել է նաև, որ 86,600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները։ Վարչապետն ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությանը, ինչը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով։