ՀՀ հանրակրթական դպրոցներում 1300–ից ավելի ուսուցիչ կա, որոնք չունեն բարձրագույն կրթություն։ Այդ մասին ԱԺ արտահերթ նիստում, «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը ներկայացնելիս, հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Ըստ նրա` եթե ուսուցիչները մասնակցեն կամավոր ատեստավորման ու հավաքեն 60 տոկոսից ավելի միավոր, ապա կմնան իրենց աշխատանքին, հայտնում է Sputnik Արմենիան։
«70 միավորից ավելի ստանալու դեպքում նրանք կխրախուսվեն, ու նրանց դրույքաչափը կդառնա 200,000 դրամ, ինչպես նաև կգործի 30-50 տոկոսից ավելի հավելավճար` կախված ատեստավորման արդյունքից»,– հայտարարեց նա։
Ժաննա Անդրեասյանը հայտարարել է` եթե այդ 1300 ուսուցիչը չհաղթահարեն ատեստավորման փուլը, ապա, միևնույնն է, նրանք չեն դասավանդելու դպրոցում, քանի որ նախարարությանը պետք չեն ուսուցիչներ, որոնք միայն ֆիզիկապես են ներկա լինելու դասարանում։
«Նախորդ ատեստավորումը, օրինակ, 700 ուսուցիչ չէր հաղթահարել ու նրանցից 650–ը դիմել էր մեզ` վերապատրաստման համար։ Աշնանը նորից կանցկացվի ատեստավորում, ու նրանք նորից կմասնակցեն»,– նշել է նախարարը։
Անդրեասյանը նաև նշել է, որ դպրոցներում կան նաև ուսուցիչների թափուր տեղեր, և նախարարությունը մտադիր է ուսուցիչներ գործուղել, օրինակ սահմանամերձ համայնքներ, որտեղ ամենից շատ կա այդ խնդիրը։ Բացի այդ, ԿԳՄՍ–ն մտադիր է բուհերի մանկավարժական բաժիններում սովորող ուսանողներին իրենց ուսումնառության վերջին տարում գործողել գյուղական որևէ համայնք դասավանդման ուղեկցող ուսուցչի մենթորությամբ։
Բարձրագույն կրթություն չունեցող 1300 ուսուցչի աշխատանքի ժամկետը, ըստ նախարարի, լրանում է այս տարվա օգոստոսի 20–ին։ Եվ միայն ատեստավորումից հետո պարզ կդառնա` նրանց պայմանագրերը կխզվեն, թե կշարունակվեն։