ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադսառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի այն հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղի հայերին հատուկ երաշխիքներ տրամադրելու Հայաստանի պահանջն անընդունելի է, ասել է, որ հայկական կողմի համար ԼՂ հայության իրավունքների հարցը կարևորագույն հարց է ու այն չի կարող մոռացության մատնվել։
Նա հավելել է, որ եթե այդ հարցին լուծում չեղավ, նշանակում է՝ բանակցությունների մեծ մասն անիմաստ է, հայտնում է Aysor.am-ը։
Ըստ նրա, Բայրամովի հայտարարությունը վնասում է ադրբեջանական կողմին:
«Նման իրողությունների դեպքում իրենք այն հարցը, որը տասնամյակների ընթացքում խնդրի պատճառ է դարձել, չեն լուծում, դա իրականությունից փախչել է, դա հարցի լուծում չի լինելու, իրենց ձեռք չի տալիս, որ այդ հարցերը չքննարկվեն։ Վստահ եմ՝ ինչ-որ փուլում իրենք դրան կգան»,- ասել է նա։
Սիմոնյանը կարծում է, թե սա բանակցություններից առաջ բարձր սանդղակ դնելու համար է արվում։
«Դա ինքնախաբեություն է, եթե Ադրբեջանը պատրաստ է ինքնախաբեությամբ զբաղվել, Հայաստանը պատրաստ չէ, մենք հետամուտ ենք լինելու մեր հայտարարություններին»,- նշել է նա։
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն ԼՂ հայերին անվտանգության լրացուցիչ երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտություն չի տեսնում և գնահատում է Երևանի համապատասխան հայտարարությունները «որպես միջամտություն երկրի ներքին գործերին»։
Ըստ նրա` «վերաինտեգրման շրջանակում հայկական ծագումով բնակիչները կկարողանան կիրառել իրենց լեզուն, պահպանել մշակույթը, կրթություն ստանալ մայրենի լեզվով, ինչպես Ադրբեջանի մյուս էթնիկ փոքրամասնությունները»։