ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն ասուլիսում հայտարարել է, որ Բաքվի հետ ապագայում ստորագրվող պայմանագրում Երևանի համար պարտադիր ու ամենասկզբունքային 3 կետ կա, հայտնում է «Փաստինֆոն»։
Նա թվարկել է այդ կետերը․
«1. Կոնկրետ ու հստակ քարտեզ, որը դրված կլինի երկրների կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հիմքում։
2. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրումը, որը կարծում ենք, որ պետք է տեղի ունենա Բաքու- Ստեփանակերտ երկխոսության միջոցով՝ միջազգային մեխանիզմի գործադրմամբ։
3. Պայմանագրում ներառված կետերի կատարման երաշխիքների ինստիտուտի ձևավորումը»։
Այս առումով Ռուբինյանը հիշեցրել է նաև նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների՝ ադրբեջանական կողմից խախտելու օրինակները։
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն։ Վաշինգտոնում հունիսի 26-ից կմեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը:
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վաշինգտոնյան հանդիպումը նախատեսված էր հունիսի 12–ին, սակայն հետաձգվեց ադրբեջանական կողմի խնդրանքով։ Միրզոյանի և Բայրամովի վերջին հանդիպումը եղել է մայիսի 19–ին Մոսկվայում։