AM
26 June 2023 - 13:57 AMT

Ռուբինյան. Շուտով կավարտենք Մարգարայում ենթակառուցվածքները կարգի բերելու աշխատանքները

Հայկական կողմն աշխատանքներ է տանում Թուրքիայի հետ սահմանին Մարգարայում համապատասխան ենթակառուցվածքները կարգի բերելու համար և շատ շուտով կավարտի աշխատանքները: Այդ մասին հայտարարել է հայ – թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսում։

«Հույս ունենք, որ թուրքական կողմը նույնպես կպահի պայմանավորվածությունները և այս ամառվա ընթացքում պայմանավորվածությունները կիրագործվեն», – հավելել է նա, գրում է «Ազատությունը»։

Այն հարցին, թե արդյո՞ք այս պահին քննարկումներ կան թուրքական կողմի հետ, Ռուբինյանը պատասխանել է, որ գործընթացը կանգնած չէ։

«Գործընթացը կանգնած վիճակում չէ, ես ըստ անհրաժեշտության խոսում եմ Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ»,-ասել է նա։

Մարգարայի կամրջով փետրվարին հայկական կողմը հումանիտար բեռներ է ուղարկել երկրաշարժից տուժած թուրքական բնակավայրեր։