AM
26 June 2023 - 14:56 AMT

ԱԺ նախագահ․ ՀՀ-ի համար Իրանը եղել և մնում է առանձնահատուկ գործընկեր

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 26-ին Հայաստանում առաքելությունն ավարտող Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ հանդիպմանը նշել է, որ ՀՀ-ի համար Իրանը եղել և մնում է առանձնահատուկ գործընկեր, որն իր հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ամրապնդմանը:

Ի պատասխան՝ դեսպանը նշել է, որ Իրանն առանձնակի արժևորում է մեր երկրի հետ հարաբերությունների կարևորությունը, որոնք պայմանավորված են պատմամշակութային առնչություններով, փոխադարձ տնտեսական շահերով, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք խնդիրների նկատմամբ ընդհանուր մոտեցումներով:

Հանդիպմանը բարձր է գնահատվել երկու խորհրդարանների միջև հաստատված բարեկամական սերտ կապերը և խորհրդարանների միջև փոխգործակցության խորացմանն ուղղված նախաձեռնությունները: Դեսպանը կարևորել է միջխորհրդարանական հանձնաժողովների անխափան աշխատանքը և բարեկամական խմբերի արդյունավետ համագործակցությունը:

«Մեկ տարի առաջ իմ գլխավորած պատվիրակությունը պաշտոնական արդյունավետ այց կատարեց Թեհրան: Սպասում ենք իմ հարգարժան գործընկեր Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆի պատասխան այցին Հայաստան»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը:

Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը ևս մեկ անգամ ընդգծել է դեսպանի զգալի ներդրումը Հայաստանի և Իրանի միջև ձևավորված հարուստ օրակարգի շրջանակում: