AM
27 June 2023 - 08:22 AMT

Փաշինյան․ Ո՞ւմ համար էր 1994-ի հաղթանակը, եթե արդյունքում ՀՀ բնակչությունը ոչ թե ավելացավ, այլ նվազեց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում ասել է, որ 1994 թվականին արձանագրվել է, որ հայկական կողմը հաղթել է պատերազմում, իսկ ադրբեջանական կողմը պարտվել, սակայն հաջորդ 20 տարում Ադրբեջանի բնակչությունը համարյա կրկնապատկվել է, իսկ ՀՀ բնակչությունն էականորեն նվազել։

«Իսկ ո՞ւմ համար էր հաղթանակը, ինչու այդ հաղթանակի արդյունքում Հայաստանի բնակչությունը ոչ թե ավելացավ, այլ նվազեց, ինչու այդ հաղթանակի արդյունքում Հայաստանը տնտեսական մրցակցության մեջ չկարողացավ հաղթել Ադրբեջանին: Սա ուղիղ կապ ունի անվտանգության, ռազմական բյուջեների հետ։

Նա նաև նշել է, որ 1997-1998 թթ․ԼՂ հարցի կարգավորման շուրջ բանակցային գործընթացը և ԼՂ հարցն էական ազդեցություն է ունեցել ներքաղաքական կյանքի վրա՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է ԼՂ հարցի շուրջ իր հայեցակարգային մոտեցումը։

Պատասխանելով բանակցային գործընթացի վրա ազդեցություն ունեցած գործոնների վերաբերյալ հարցին՝ Փաշինյանն ասել է, որ կա վարկած, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ը կապ ունի բանակցային գործընթացի հետ։

«Կա վարկած, որի հիմնավորումները նաև հրապարակային են, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ը կապ ունի բանակցային գործընթացի հետ, մասնավորապես՝ տարածքների փոխանակման հայեցակարգի հետ»,-ասել է նա։

Փաշինյանը հավելել է, որ այս վարկածը քրեաիրավական առումով ապացուցված կամ հիմնավորված չէ, բայց «չի բացառվում, որ նաև կարող է քննության առարկա դառնալ»։

Հունիսի 20-ին 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատերազմը, ամենայն հավանականությամբ, կարող էր տեղի չունենալ, եթե նախորդ 25 տարվա ընթացքում լուծած լինեին Լեռնային Ղարաբաղի հարցը։