AM
27 April 2009 - 09:12 AMT

Հարավային կոնգրեսի ռուսները հավաքվել են Երեւանում

Երեւանում իր աշխատանքն է սկսել Հարավային Կովկասի երկրների ռուս հայրենակցական կազմակերպությունների երրորդ տարածաշրջանային խորհրդաժողովը: Միջոցառմանը մասնակցում են պատվիրակություններ Աբխազիայից, Վրաստանից եւ Հարավային Օսեթիայից: Խորհրդաժողովին ներկա են նաեւ ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության Խորհրդի եւ ԱԳՆ-ի ներկայացուցիչները: Հայաստանի պաշտոնական կառույցները ներկայացնում են ՀՀ նախագահի խորհրդական Վիգեն Սարգսյանը եւ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Խորհրդաժողովի օրակարգի հիմնական թեմաներն են Հարավային Կովկասում գործող ռուսական հայրենակցական միավորումների ակտուալ խնդիրները: Բանավեճերի ընթացքում կքննարկվի նաեւ ՌԴ կառավարության ընդունած Արտերկրում հայրենակիցների հետ աշխատանքի 2009-2011թթ. ծրագիրը, ինչպես նաեւ ռուս հայրենակիցների համակարգող խորհրդի գործունեությունը, որը հիմնադրվել է 2006թ. Սանքտ Պետերբուրգում տեղի ունեցած Ռուս հայրենակիցների համաշխարհային կոնգրեսի ժամանակ: Համաժողովի ընթացքում պատվիրակները հնարավորություն կստանան ուղղակի երկխոսություն ծավալել պաշտոնական կառույցների ներկայացուցիչների հետ ի դեմս ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության Խորհրդի եւ ՌԴ ԱԳՆ-ի պատասխանատու աշխատակիցների:

Քանի որ 2009թ. հռչակվել է Ռուսաստանում երիտասարդության տարի, խորհրդաժողովի ընթացքում առանձնակի ուշադրություն կհատկացվի ռուս հայրենակիցների երիտասարդ սերնդի խնդիրներին: Այս կապակցությամբ կշոշափվեն ոչ միայն Հարավային Կովկասի երկրներում ռուսաց լեզվի կարգավիճակին վերաբերող հարցերը, այլ նաեւ այն խնդիրները, որոնց հանդիպում են հայրենակիցների երեխաները մայրենի` ռուսաց լեզուն, ինչպես նաեւ իրենց էթնիկ հայրենիքի` Ռուսաստանի գրական ժառանգությունն եւ պատմությունը մշտական բնակության վայրի կրթական հաստատություններում սովորելու հարցում: