AM
27 June 2023 - 09:10 AMT

Վարչապետ․ Շատ դեպքերում զոհեր եղել են ոչ թե մարտի դաշտում, այլ տեղաշարժվելիս

ԱԺ–ում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 44–օրյա պատերազմի ընթացքում շատ դեպքերում զոհեր է ունեցել ոչ թե մարտի դաշտում, այլ տեղաշարժվելիս։

Ըստ նրա՝ մոբիլության խնդիր կար։

«Պատերազմի ընթացքում, իմ տեսակետից, ամենամեծ պրոբլեմն այն էր, որ մեր բանակը իր շարժվելու մեթոդների մեջ պրոբլեմ ուներ` մեծ մեքենաներ, մեծ խմբեր, մեծ տեսանելիություն…»,– հայտարարել է նա։

Անդրադառնալով բանակի մարտունակության վերաբերյալ քննարկումներին՝ Փաշինյանն ասել է, որ մինչև ներառալ 2020-ի օգոստոսը, ստացել է հավաստիացում, որ շատ դժվար է լինելու, բայց Զինված ուժերը, Պաշտպանության բանակն իրենց առջև դրված խնդիրը կատարելու են»։

Վարչապետը նաև ասել է, որ 2018 թվականից հետո ինքը որդեգրել է «ամեն ինչ բանակի համար» քաղաքականությունը՝ 2019-ին էական բարձրացել են բանակում աշխատավարձերը, իրականացվել են սպառազինության ու ռազմական տեխնիկայի գնումներ։

Անդրադառնալով այն պնդումներին, թե իր վարչապետ դառնալուց հետո սպառազինության ու ռազմական տեխնիկայի ձեռքբերման պլանները փոխվել են՝ Փաշինյանը հայտարարել է, որ ոչ մի բան չի փոխվել՝ լրացուցիչ այլ տեխնիկա է ձեռք բերվել։

Նա ասել է՝ բացառված է որևէ դեպք, որ բանակը կառավարության առաջ դրել է որևէ խնդիր ու այդ խնդիրը չի լուծվել այն պատճառով, որ գումար չկա, կառավարությունը ֆինանսավորում չի տալիս։

«Ասել եմ՝ կոչո՞ւմ է պետք, կունենաք, մեդալ է պետք՝ կունենաք, փող է պետք՝ կունենաք, սնունդ է պետք՝ կունենաք: Ասել եմ՝ բանակն ինչ ասի, ես «չէ» չեմ ասելու: Բանակը «չէ» բառն ինձնից չի լսելու։ Ինչ ուզեցել են, ունեցել են»,- ասել է Փաշինյանը:

Այն հարցին, թե պատերազմի ընթացքում եղե՞լ է որևէ զենք օգտագործելու սահմանափակման դեպք, հատկապես՝ այս կամ այն հրթիռը չօգտագործել՝ Փաշինյանը պատասխանել է, որ ճիշտ կլինի այս հարցին անդրադառնալ փակ նիստում։

«Եղել են զինատեսակներ, որոնց հետ կապված իրավունքը լիարժեք և ամբողջությամբ Հայաստանին չի պատկանել»,- հավելել է նա:

Այն հարցին, թե դա «Իսկանդերին» է վերաբերում՝ նա պատասխանել է. «Ես փակ հատվածում կխոսեմ այդ մասին»։

Հունիսի 20-ին 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատերազմը, ամենայն հավանականությամբ, կարող էր տեղի չունենալ, եթե նախորդ 25 տարվա ընթացքում լուծած լինեին Լեռնային Ղարաբաղի հարցը։