AM
27 June 2023 - 10:14 AMT

Պատգամավոր․ ՌԴ-ն հստակ քայլեր պետք է անի ԼՂ ապաշրջափակման համար

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հունիսի 27-ին 24-ժամյա նստացույց է իրականցնում ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի դեսպանատների և ԵՄ ներկայացուցչության դիմաց՝ հորդորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին և ԵՄ-ին չբավարարվել հայտարարություններով, այլ գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն անհապաղ վերացնելու ուղղությամբ։

ՌԴ դեսպանատան մոտ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ՌԴ-ն ամենամեծ գործիքակազմն ունի տարածաշրջանում և պետք է հստակ քայլեր իրականացնի Լաչինի միջանցքի ապաշրջափակման համար, գրում է «Առավոտը»։

Հարցին, թե ինչ ակնկալիքներ կարելի է ունենալ միջազգային հանրությունից, երբ Հաագայի դատարանի վճիռը մինչ օրս իրականացված չէ, Գրիգորյանն ասել է՝ դա չի նշանակում, որ պետք է ձեռքերը ծալած նստել։

«Իհարկե, իրականացված չէ, բայց դա չի նշանակում, որ մենք ձեռքերս ծալած պետք է նստենք և չշարունակենք վճռական քայլեր իրականացնել: Մեր պահանջն այն է, որ հայտարարություններից, հորդորներից զատ՝ նաև գործուն քայլեր իրականացնեն, որպեսզի Ադրբեջանը դադարի էթնիկ զտումների այն քաղաքականությունը, որը վարում է ամիսներ շարունակ:

ՌԴ դեսպանատան մոտ ենք՝ հստակ պահանջով, որ լինելով նոյեմբերի 9-ի հայտարարության երաշխավոր, միջնորդ, ստորագրող կողմերից մեկը՝ ավելի հստակ, գործուն և բոլոր հնարավոր քայլերն իրականացնի՝ Լաչինի միջանցքը բացելու: Ի վերջո, հասկանալի է, որ ՌԴ-ն մեր տարածաշրջանում ունի ամենամեծ գործիքակազմը՝ ռազմական, դիվանագիտական, հետևաբար ՌԴ-ն է այստեղ, որ հստակ քայլեր պետք է իրականացնի՝ ապաշրջափակման համար: Պետք է կոչերից զատ լինեն պատժամիջոցներ, բայց ցավոք, մենք ականատես ենք լինում, որ ոչ միայն պատժամիջոցներ չեն կիրառում, այլ ավելի խորացվում է համագործակցությունը:

Ու դա վերաբերում է միջազգային հանրության բոլոր դերակատարներին: Տեսեք ԵՄ-ն ինչպիսի համագործակցություն ունի Ադրբեջանի հետ գազային անվտանգության տեսանկյունից, նաև ՌԴ-ն: Որևէ մեկի մոտ արդեն կասկած չկա, որ Ադրբեջանը էթնիկ զտումների քաղաքականություն է իրականացնում, մեր կոչն է ոչ միայն արձանագրեք, այլ քայլեր ձեռնարկեք նախ կանխելու, հետո նաև պատժելու»,-ասել է նա:

SOS Artsakh խորագրով նստացույցի մասնակիցները «Սա ցեղասպանության շարունակությունն է», «No more excuses. Action. Save 120.000 lives» և այլ ցուցապաստառներով առավոտյան 8:30-ից դեսպանատների մոտ են: