AM
27 June 2023 - 10:46 AMT

Փաշինյան․ Ինձ զեկուցել են՝ պատերազմի հավանականությունը 30% է, միջազգային գործընկերներն էլ այն քիչ հավանական են համարել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում ասել է, որ 2018-ից ԱԱԾ-ն ու ԱԱԾ հետախուզությունն անընդհատ ահազանգել են պատերազմի հնարավորության մասին, նշվել են տարբեր ժամկետներ՝ 2018-ի ամռանը, աշնանը, 2019-ի գարնանը, ամռանը։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հարցրել է, թե արդյոք վարչապետին զեկուցվել է 2020-ի սեպտեմբերի 25-ին F-16 կործանիչների օդաչուների խոսակցության մասին։ Նա ասել է, որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը տեղեկացրել է օդաչուների խոսակցության մասին՝ որ «կիրակի ինչ-որ կարևոր բանի պիտի մասնակցեն»։

Փաշինյանը դրական է պատասխանել հարցին, ասել է, որ իրեն զեկուցվել է այդ մասին՝ հավելելով, որ պատերազմի հավանականությունը 30 տոկոս է գնահատվել։

«Մեր ինստիտուտները մինչև ամսի 25-ը 30 տոկոսով են հավանական գնահատել պատերազմը։ Այդ գնահատումը եղել է ոչ միայն հետախուզության, այլև միջազգային գործընկերների հետ շփումներից։ Ինձ ուրիշ բան էլ է զեկուցվել, որ պատերազմի հավանականությունը 30 տոկոս է ու հավանականություն է հնչել, որ սա հոգեբանական ճնշում է իշխանության վրա, որ գնան անհամաչափ զիջումների»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ դրա հետ կապված լրացուցիչ տեղեկություններ կտրամադրի դռնփակ հատվածում։

Նա ասել է, որ իրեն զեկուցվել է նաև, որ միջազգային գործընկերներն էլ պատերազմը քիչ հավանական են համարում ու կոչ են անում, որ ՀՀ ԶՈւ-ն կտրուկ գործողություններ չիրականացնի՝ «չեղած տեղից պատերազմ չսադրելու համար»։

Փաշինյանը նաև խոսել է 2020-ի հուլիսին ՊՆ-ում խորհրդակցության մասին, երբ ինքը հարցրել է, թե կա՞ն այնպիսի ինդիկատորներ, որոնց ի հայտ գալու դեպքում գնահատվում է, որ հարձակում է լինելու։

«Ինձ ասել են, որ, կան նման ինդիկատորներ։ Իմ հրահանգը եղել է, անկախ ամեն ինչից, եթե այդ ինդիկատորներն ի հայտ կգան, բանակը պետք է սահմանված ձևով գործի, ինչը հիմա տեսնում ենք, որ, ցավոք սրտի, տեղի չի ունեցել»,- ասել է վարչապետը։

Հունիսի 20-ին 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում վարչապետը հայտարարել էր, որ պատերազմը, ամենայն հավանականությամբ, կարող էր տեղի չունենալ, եթե նախորդ 25 տարվա ընթացքում լուծած լինեին Լեռնային Ղարաբաղի խնդիրը։