Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում, պատասխանելով այն հարցին, թե 2018-19-ի իրողություններին ծանոթանալուց հետո արտաքին քաղաքականութան վեկտորի փոփոխության հարց քննարկվե՞լ է, ասել է, որ նման հարց չի քննարկվել։ Հարցը հնչեցրել է «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը։
«Արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն չի քննարկվել։ Մեր ընկալումը եղել է այն, որ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ առաջին հերթին հենց ԼՂ-ի հակամարտության համատեքստում»,-ասել է վարչապետը։
Նա նաև ասել է, որ 2018 թվականից հետո ինքը որդեգրել է «ամեն ինչ բանակի համար» քաղաքականությունը՝ 2019-ին էական բարձրացել են բանակում աշխատավարձերը, իրականացվել են սպառազինության ու ռազմական տեխնիկայի գնումներ։
Նա ասել է նաև, որ մինչև 2020-ի օգոստոսը ստացել հավաստիացումներ է ստացել, որ, իհարկե, շատ դժվար է լինելու, բայց ԶՈՒ-ն, Պաշտպանության բանակն իրենց առջև դրված խնդիրը կատարելու են:
Հունիսի 20-ին 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատերազմը, ամենայն հավանականությամբ, կարող էր տեղի չունենալ, եթե նախորդ 25 տարվա ընթացքում լուծած լինեին Լեռնային Ղարաբաղի հարցը։