AM
28 June 2023 - 07:26 AMT

Գրիգորյանն ու Ֆրիդմանը քննարկել են միջուկային էներգետիկայի ոլորտում գործակցության հնարավորությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ԱՄՆ պետդեպարտամենտի Միջազգային անվտանգության և զենքի չտարածման բյուրոյի Միջուկային էներգիայի առևտրային մրցունակության գծով ավագ խորհրդական Ջասթին Ֆրիդմանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը, ողջունելով հյուրերին, ներկայացրել է Հայաստանում էներգետիկայի ոլորտում առկա հիմնական մարտահրավերները, անդրադարձել տարածաշրջանային էներգետիկ ծրագրերում Հայաստանի մասնակցության կարևորության հարցին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները:

Մտքեր են փոխանակվել նաև մարդկային կապիտալի զարգացման, թվայնացման և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում առկա գլոբալ միտումների և Հայաստանում այդ ոլորտներում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը:

ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի, Եվրասիայի և Կենտրոնական Ասիայի աջակցության ծրագրերի համակարգող Մարիա Լոնգին մայիսին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն դիտարկում է Հայաստանում և Եվրասիայի այլ երկրներում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությունը՝ ձգտելով ամրապնդել այդ երկրների էներգետիկ անկախությունը Ռուսաստանից և Չինաստանից։ Պաշտոնյան այլ մանրամասներ չէր հայտնել։

Հայաստանը դեռևս 2000-ականների սկզբին է հայտարարել նոր ատոմակայան կառուցելու մտադրության մասին, որի համար կպահանջվի ավելի քան 5 մլրդ դոլար