AM
28 June 2023 - 07:27 AMT

ԵՄ դեսպան․ Մենք ներկա ենք Սյունիքում և շարունակելու ենք աջակցել ՀՀ-ին տարբեր նախագծերով

Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը Գյոթեի անվան հայ-գերմանական կենտրոնում կազմակերպված «Փոփոխություններ Գերմանիայի արտաքին և զարգացման քաղաքականության մեջ. ինչո՞վ են դրանք հետաքրքիր Հայաստանի համար» թեմայով քննարկման ժամանակ ասել է, որ, ԵՄ-ն ներկա է Սյունիքում և շարունակելու է աջակցել Հայաստանին՝ իրականացնելով տարբեր նախագծեր։

«Մենք ներկա ենք Սյունիքում և շարունակելու ենք աջակցել Հայաստանին՝ իրականացնելով տարբեր նախագծեր», – ասել է դեսպանը, հայտնում է Արմենպրեսը։

ԵՄ գրասենյակը գերմանական կողմի մասնակցությամբ Հայաստանում իրականացնում է մասնավոր ծրագրեր՝ համոզված լինելով, որ համատեղ աշխատանքը կարող է տալ սպասված արդյունք և կողմերին դարձնել ավելի ուժեղ:

Նրա դիտարկմամբ՝ ԵՄ անդամ երկրները համատեղ ջանքերով են կառուցում համաեվրոպական քաղաքականությունը՝ ներդնելով իրենց կարողություններն ու ներուժը, հետևաբար Գերմանիայի արտաքին քաղաքականության մեջ առկա բազում տարրեր կարելի է տեսնել եվրոպական ընդհանուր քաղաքականության մեջ։ Գործընկեր երկրներին օժանդակելը բխում է ԵՄ գրասենյակին տրված մանդատից։ Եվրոպական նախաձեռնություններն ակտիվորեն իրականացվում են նաև Հայաստանում։ Դրանցից մեկն էլ, ԵՄ դեսպանի հիշատակմամբ, Սյունիքի մարզում իրականացվող մեծ ծրագիրն է, որի միջոցով ապահովվում են անհրաժեշտ ներդրումներ։

Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի պատգամավոր Մերլե Շպելլերբերգն իր հերթին նշել է, որ Գերմանիայի արտաքին քաղաքականության մեջ տեղի ունեցող փոփոխությունները շրջադարձային են և կապված են աշխարհաքաղաքական գործընթացների ու էներգակիրների պաշարների օգտագործման հետ, այդուհանդերձ մեծածավալ զարգացումների ֆոնին՝ քաղաքացիական հասարակության, ժողովրդավարության և համապարփակ անվտանգության հետ կապված ավանդական հարցերը նախկինի պես գտնվում են Գերմանիայի կողմից վարվող քաղաքականության առանցքում։

Քննարկման մասնակից ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արա Մարգարյանն, անդրադառնալով հայ-գերմանական հարաբերություններին, ասել է, որ հայկական կողմը մեծապես գնահատում է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի անհատական ջանքերն՝ ուղղված հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը։ Այդ համատեքստում բավականին արդյունավետ ստացվեց կանցլերի, Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Էլհամ Ալիևի մասնակցությամբ հնգակողմ հանդիպումը Մոլդովայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։

«Հայաստանը ԳԴՀ-ի հետ զարգացնում է ոչ միայն երկկողմ հարաբերություններ, այլև դիտարկում է նրան որպես կարևոր գործընկեր՝ ԵՄ-ում Հայաստանի ինտեգրումը խթանելու և կենսական որոշումներ կայացնելու գործում էական դերակատարություն ունենալու առումով։ Հայաստանն ու Գերմանիան կարող են առկա աշխարհաքաղաքական փոփոխությունների համատեքստում համատեղ գործողություններով դիմակայել հարաճուն մարտահրավերներին»,- ասել է Մարգարյանը։