ՀՅԴ-ի կազմակերպած SOS Artsakh 24 ժամյա նստացույցն ամփոփվել է ՄԱԿ-ի գրասենյակի մոտ՝ վերջ տվեք էթնիկ զտմանը կարգախոսներով։
Ակցիայի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ներկաներին հորդորել է մեկ րոպե լռությամբ հարգել ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված մեր 4 հայրենակցի հիշատակը՝ հայտարարելով, որ Ադրբեջանի ֆաշիստական ռեժիմը քաղաքակիրթ աշխարհի առաջ հերթական թշնամական, ահաբեկչական գործողություններն իրականացրել Արցախում, գրում է «Փաստինֆոն»։
Խաչատրյանը դիմել է Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչությանը՝ հիշեցնելով ՄԱԿ-ի կանոնադրության հիմքում մարդու ազատ ինքնորոշման իրավունքի կետի ապահովման անհրաժեշտությունը։ Խաչատրյանն հղում կատարեց նաև ՄԱԿ-ի ԱԽ 4 բանաձևերին, որոնք Ադրբեջանին կոչ են անում դադարեցնել ագրեսիվ գործողությունները։
Առավոտյան նստացույցի մասնակիցները գրավոր ուղերձ են փոխանցել ԵՄ ներկայացուցչությանը, հայտնում է Panorama.am-ը։
Ներկայացուցչության դիմաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը հայտարարել է, որ այս ուղերձն ամբողջացնում է հայ մարդու հավաքական պահանջը։
«Այս ուղերձում ամփոփված են բոլոր կարմիր գծերը, որոնք մեզ համար սակարկման ենթակա չեն, կոչ ենք անում միջազգային գործընկերներին դադարեցնել իրենց անհեռատես, հանցավոր, լռության, կուրության քաղաքականությունը և իրապես կրողը լինեն այն արժեքների, որոնց մասին պարբերաբար խոսում են»,-ասել է նա։
Կրպեյանն ասել է, որ իրենք նստացույցերով ևս մեկ անգամ արձանագրում են ու բարձրաձայնում այն հումանիտար աղետի մասին, որը հիմա տիրում է Արցախում, որտեղ բնակվող 120 հազար հայեր անմարդկային, էթնիկ զտամանը հավասարազոր պայմաններում փորձում են իրենց գոյությունն ապահովել, և այս ամենը միջազգային հանրության խուլ ու համր հայացքի ներքո։
ՀՅԴ-ն հունիսի 27-ին հայտարարել էր 24-ժամյա նստացույց՝ ԵԱՀԿ Մինկի խմբի համանախագահ երկրների՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դեսպանատների, ինչպես նաեւ ԵՄ ներկայացուցչության գրասենյակի մոտ՝ «SOS Artsakh խորագրով, որն ամփոփվեց այսօր առավոտյան ՄԱԿ-ի գրասենյակի մոտ։