AM
28 June 2023 - 11:44 AMT

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են սահմանի բացման պայմանավորվածության կատարման ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Վարչապետը շնորհավորել է նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ նախագահը շնորհավորել է վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։

Ղեկավարները քննարկել են իրենց երկրների միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս համատեքստում, քննարկվել է դիվանագիտական անձնագրեր ունեցողների և երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացման մասին պայմանավորվածության կատարման ընթացքը։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 26-ին հայտարարել էր, որ հայկական կողմն աշխատանքներ է տանում Թուրքիայի հետ սահմանին Մարգարայում համապատասխան ենթակառուցվածքները կարգի բերելու համար և շատ շուտով կավարտի աշխատանքները: Նա հույս էր հայտնել, որ թուրքական կողմը նույնպես կպահի պայմանավորվածությունները և այս ամառվա ընթացքում պայմանավորվածությունները կիրագործվեն։

Վարդավառն այս տարի նշվում է հուլիսի 16-ին։

Մարգարայի կամրջով փետրվարին հայկական կողմը հումանիտար բեռներ է ուղարկել երկրաշարժից տուժած թուրքական բնակավայրեր։