Երևանի քաղաքապետարանը տարածքներ կտրամադրի «Հայաքվեին» ստորագրահավաքի համար։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը։
Նախաձեռնության անդամները ցանկանում են հանրաքվեի միջոցով Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար օրենքով խիստ պատիժ սահմանել։
Նա նշել է, որ քաղաքապետարանը պաշտոնապես պատասխանել է «Հայաքվե» նախաձեռնության դիմումին։
«Երևանի քաղաքապետարանը պաշտոնապես պատասխանել է «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ Արամ Պետրոսյանի դիմումին և տեղեկացրել, որ ՀՀ Ազգային ժողովին «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ առաջարկելու նպատակով ստորագրահավաք իրականացնելու համար բոլոր վարչական շրջանների նստավայրերում նախաձեռնությանը տարածք հատկացնելու վերաբերյալ դիմումը բավարարվել է»,-ասվում է գրառման մեջ։
Ստորագրահավաքի ընթացքին կմասնակցի մեկական հանրային ծառայող՝ ամեն վարչական շրջանից:
Հունիսի 26-ին «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը հայտարարել էր, որ իշխանությունները խոչընդոտում են ստորագրահավաքի անցկացմանը։ Նրա խոսքով անցած շաբաթվա ընթացքում Երևանի վարչական շրջանների մի շարք ղեկավարներ, հղում անելով Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանին, պաշտոնական նամակներով հրաժարվել են տարածքներ տրամադրել ստորագրահավաքի անցկացման համար։
Ստորագրահավաքի համար սահմանվել է 60-օրյա ժամկետ՝ 2023 թվականի հունիսի 21-ից օգոստոսի 19-ը։