AM
28 June 2023 - 14:03 AMT

Կոմկուսը՝ քաղաքապետարանի «ճղճիմ որոշման» մասին. Կասյանի անունով կրկին կկոչվեն փողոցներ

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը «ճղճիմ» է անվանել Երևանի Սարգիս Կասյանի անվան փողոցը վերանվանելու քաղաքապետարանի որոշումը՝ նշելով, որ «Կասյանի ջանքերի շնորհիվ նաև չեղարկվեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը և 9000 քկմ Հայաստանը դարձավ համայն հայության հայրենիք՝ 30, 000 քկմ տարածքով»։

Կուսակցության հայտարարության մեջ ասվում է, որ ժամանակն ամեն բան կդնի իր տեղը, Կասյանի անունով կրկին կկոչվեն փողոցներ։

«Երևանի ավագանու նիստի որոշումը՝ կապված Կասյան փողոցն անվանափոխելու հետ, մեզ համար նորություն չէր։ Սեփական ազգի պատմությունը չիմացող այս երիտասարդների խմբակը դեռ 2017-ին էր փորձում իրականացնել այն, սակայն ի պատիվ այն ժամանակվա իշխանությունների, դա տեղի չունեցավ։

Սարգիս Կասյանը հայ ժողովրդի պանծալի զավակներից է, որի շնորհիվ նաև հնարավոր եղավ իսպառ կործանումից փրկել Հայաստանը։ Սա պարզ ճշմարտություն է, իսկ մնացյալ բոլոր պնդումները կեղծ են և մերկապարանոց, զուրկ որևէ փաստական հիմքից։

Այս իրավիճակը նոր չէ և հետևանքն է գործունեության այն քաղաքական ուժի, որն ուզուրպացրել էր «Երևանի պետական համալսարանի» պատմության ամբիոնը, «Պատմության ինստիտուտը», իսկ նախկին Խորհրդային Միության ժամանակ կրթված և մարդ դարձած պատմասանները՝ լծված տերերի շառաչուն կառքին, նրանց հետ միաբերան հայհոյում և սևացնում էին խորհրդային անցյալն ու մեր հերոսներին, այդ կերպ փորձելով վրեժխնդիր լինել իրենց չկայացվածության համար։ Հերթը ձեզ էլ կհասնի։

Երևանի ավագանուց՝ իր գործունեության մեջ ձախողված այդ մի բուռ ճիզվիտների խմբակից որևէ բան սպասել կամ ակնկալելը անօգուտ է։ Դուք անպայման կարժանանաք պատմության դատաստանին, ինչպես որ այսօր վայելում եք հայության համաժողովրդական ատելությունն ու հայհոյանքները։

Միշտ հիշեք, Սարգիս Կասյանի ջանքերի շնորհիվ նաև չեղարկվեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը և թշվառ, որբի ու արցունքի երկիր, 9 հազար քառակուսի կիլոմետրանոց Հայաստանը դարձավ համայն հայության հայրենիք՝ 30 հազար քառակուսի կիլոմետր տարածքով։ Դուք միայն ավերում և փոքրացնում եք Հայաստանը, դրա համար էլ Կասյան փողոցի անվանափոխումը տրամաբանական շարունակությունն է ձեր գործունեության։

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը խորապես դատապարտում է այս եղկելի քայլը և այն իրականացրած գործիչներին։

Ժամանակն ամեն բան կդնի իր տեղը, Սարգիս Կասյանի անունով կրկին կկոչվեն փողոցներ, իսկ այս ճղճիմ որոշման հեղինակն ու կամակատարները կհայտնվեն պատմության՝ բոլորիս կողմից ծանոթ վայրում», -ասվում է հայտարարության մեջ։ ։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Երևանի ավագանին գուցե չի պատկերացնում, թե ինչ մեծ գործ է արել: Մայրաքաղաքի քարտեզից ջնջվեց մեր պատմության ամենամեծ սրիկաներից մեկի՝ Սարգիս Կասյանի անունը»։

Նա գրել էր նաև, որ 2017-ին ՀՀԿ-ն մերժել էր ջնջել Կասյանի անունը մեր քարտեզներից: Նման փոփոխության նախաձեռնությամբ հանդես էր եկել «Ելք» դաշինքը»: