«Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության» նախագահ Վահագն Սահակյանը, անդրադառնալով կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե տաքսիներում անկանխիկ վճարման հնարավորություն չլինելու դեպքում հաճախորդը կարող է չվճարել ու հեռանալ, ասել է, որ այդ հարցը լուծելու համար Հայաստանում պետք է գլոբալ լուծվի այդ օնլայն վճարումների համակարգի խնդիրը: Այդ մասին նա ասել է «Առաջին լրատվականի» հետ զրույցում։
«Ինչու են տաքսիներում օնլայն վճարման մասին հարց դնում, երբ ՀՀ-ում ոչ ոք տաքսի վարելու լիցենզիա չունի։ Ո՞ւմ համար են այդ օրենքն ընդունում։ Եթե դա օնլայն հարթակում աշխատող ֆիզիկական անձ է, դա դեռ չի նշանակում, որ տաքսի է: Այս հարցը լուծելու համար միայն տաքսին չէ, Հայաստանում պետք է գլոբալ լուծվի այդ առցանց վճարումների համակարգի խնդիրը»,-ասել է նա։
Նա նշել է, որ եվրոպական երկրներում մինչ օրս կանխիկ վճարումով տաքսիներ կան:
Մինչդեռ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը առաջարկում է տաքսիից բացի նաև նոր ձևակերպում սահմանել՝ թեթև մարդատար ավտոմեքենաներով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ, հայտնում է 1lurer.am-ը։
Կկանոնակարգվեն նաև էլեկտրոնային հարթակները, որոնք պետք է գրանցվեն, ծանուցեն իրենց գործունեության մասին և տարեկան 1 մլն դրամ տուրք վճարեն:
Հայաստանի տաքսի ծառայությունների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը իր հաշվարկն է ներկայացրել՝ ակտիվ գործող 30 հազար տաքսիները օրական միջինը 20 հազար դրամ են աշխատում՝ 600 մլն դրամ, որի 20 տոկոսը փոխանցում են օնլայն հարթակներին՝ պատվեր տրամադրելու համար:
«Այսինքն՝ օնլայն ոլորտը 120 մլն օրական փող ա աշխատում, ուրիշ ծախս չի անում, պրիլաժենիայա, մի անգամ գրել են ու սպասարկում են, 120 մլն օրական աշխատեն, տարեկան 1 մլն վճարեն պետությա՞նը, ինչքանո՞վ ա դա լուրջ, ինչքանո՞վ ա ճիշտ»,-ասել է նա։
Նոր նախագծով տուրք կվճարի նաև յուրաքանչյուր վարորդ՝ 2024-ի սեպտեմբերի 1-ից մինչև 2026 թվականը համապատասխանաբար՝ 1.5, 2.5, 4 տոկոս՝ յուրաքանչյուր պատվերից անկանխիկ վճարի դեպքում և 2, 3.5, 5 տոկոս՝ կանխիկի պարագայում: Այս գանձումը կանի ու պետությանը կփոխանցի էլեկտրոնային հարթակով ծառայություն մատուցող ընկերությունը, լիցենզիայով աշխատող անհատի դեպքում գործառույթը ՊԵԿ-ը կիրականացնի: