AM
30 June 2023 - 11:34 AMT

ԱԽ քարտուղարի մամուլի խոսնակը մեկնաբանել է Օնիկ Գասպարյանի հայտարարությունները

ՀՀ ԱԽ քարտուղարի մամուլի խոսնակը մեկնաբանել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի՝ օգոստոսի 14-ի հայտարարությունները, որոնք վերաբերում էին 2020 թվականի հունիսի 28-ին ԱԽ նիստում իր արած հայտարարություններին ու առաջարկություններին:

ԱԽ քարտուղարի խոսնակը նշել է, որ Օնիկ Գասպարյանն իր հունիսի 28-ի հայտարարության մեջ խեղաթյուրել է 2020 թվականի օգոստոսի 14-ի ԱԽ նիստի ընթացքում իր հնչեցրած զեկույցը, տեղեկացնում է Արմենպրեսը:

«Այդ օրվա նիստում Գասպարյանը մասնավորապես ասել է, որ Արևելյան և Հյուսիս-Արևելյան օպերացիոն ուղղություններում մենք կարողանում ենք առկա ուժերով ու միջոցներով «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը և ջախջախել նրա խմբավորումները` չընդգծելով Թուրքիայի գործոնը: Իսկ Նախիջևանյան և Թուրքիայի օպերացիոն ուղղություններով ուժերի հարաբերակցության մասին տեղեկատվություն է տրամադրել և նշել խնդիրները: Նա նաև նշել է, որ խնդիրների լուծման մեծ մասը տեսնում է աշխարհազորի ստեղծման ու կայացման շրջանակներում: Այդ օրվա նիստի ընթացքում Օնիկ Գասպարյանի առաջարկած խնդիրների լուծման բոլոր առաջարկներին ԱԽ-ն հավանություն է տվել:

Հետագայում, 44-օրյա պատերազմի ընթացքում Նախիջևանյան ու Թուրքիայի օպերացիոն ուղղություններում ՀՀ-ն Օնիկ Գասպարյանի նշած ռազմական խնդիրները չի ունեցել: Չնայած սրան պարոն Գասպարյանի ղեկավարության ներքո ԶՈւ-ն չի կարողացել ապահովել ԱԽ նիստում ստանձնած «առկա ուժերով ու միջոցներով «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հակառակորդի հարձակումը հետ մղելու, ձախողելու և նրա խմբավորումները ջախջախելու» ԱԽ առաջ ստանձնած պարտավորությունը եւ խոստումը»,-ասվում է մեկնաբանության մեջ։

Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանն արձագանքել է ԱԺ քննիչ հանձնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին՝ ներկայացնելով իր դիրքորոշումն ու պարզաբանումները։ Նա նշել է, որ Զինված ուժերը, իրենց թերություններով ու բացթողումներով հանդերձ, 44 օր մարտնչեել են բազմակի անգամ գերազանցող թշնամու դեմ, և պատճառելով նրան մեծաթիվ կորուստներ, ընձեռում էին իշխանություններին հնարավորություն` քաղաքական որոշումներ կայացնելու համար։

Ընթերցեք նաև․Օնիկ Գասպարյան․ Վարչապետը պետք է գնահատի ոչ միայն ԶՈւ գործունեությունը, այլ ներկայացնի պետկառավարման ամբողջ համակարգինը