Վարչապետի նորանշանակ խոսնակ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վերջին օրերին տարբեր լրատվականների կողմից շրջանառվող լուրերին, թե «հայաստանյան իշխանությունները բոլոր մակարդակներում դադարեցրել են իրենց շփումները ԼՂ-ի գործընկերների հետ»։
Նա ընդգծել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է նշել Արայիկ Հարությունյանի հետ ինտենսիվ՝ ամենօրյա շփումների մասին։
«Ավելին, նշվում է, որ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը ՀՀ Կառավարության օրակարգից դուրս է: Իրականության հետ աղերս չունեցող այս պնդման առումով կարևոր ենք համարում ընգծել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է նշել Արայիկ Հարությունյանի հետ ինտենսիվ՝ ամենօրյա շփումների մասին: Այս հանգամանքը հրապարակային ելույթներում և տարբեր ձևաչափերում վերահաստատել է նաև ԼՂ նախագահը:
Ցանկանում ենք ևս մեկ անգամ հիշեցնել, որ դեռ 2022թ տարեվերջին Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով հումանիտար ճգնաժամի կառավարման և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցելու նպատակով փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որի խնդիրը Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ հումանիտար հարցերի մշտադիտարկում իրականացնելն ու անհրաժեշտ հրատապ աջակցություն ցուցաբերելն է, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների օգնությամբ: Աշխատանքային խմբում ընդգրկված են Առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Էկոնոմիկայի նախարարները, ինչպես նաև պետական այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ»,-ասվում է գրառման մեջ:
Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն արձագանքել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն պնդմանը, որ փետրվարին է խոսել Արցախի ԱԺ նախագահի հետ, որը խնդրել է հետաձգել խոսակցությունը և ասել է, որ ավելի ուշ ինքը կզանգահարի։ Նա գրել է, որ Արցախը 203 օր կտրված է աշխարհից, խանութները դատարկ են, տեղաշարժը՝ անհնար, թշնամին կրակում է, իսկ ՀՀ ԱԺ նախագահը փետրվարից Արցախից զանգի է սպասում։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանելով Հակոբյանի ավելի վաղ ասված այն խոսքերը, թե ինքը իբր շրջափակումից հետո ոչ մի անգամ ԼՂ ԱԺ նախագահի հետ չի կապնվել, գրել էր, որ դա բացարձակ սուտ է, որ շրջափակումից հետո ինքն ու ԼՂ ԱԺ նախագահ մեկ անգամ չէ, որ շփվել են։«Դեռևս փետրվարին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին առաջարկել ենք միջխորհրդարանական հանձնաժողովի հեռավար նիստ անցկացնել: Արցախի ԱԺ նախագահը խնդրեց հետաձգել՝ պատճառաբանելով իր առողջական խնդիրը, և խոստացան զանգել, որ պայմանավորվենք նիստի անցկացման համար: Այդպես էլ չզանգեցին»,-գրել է նա։