Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածը կվերականգնվի: Խճուղու երթևեկելի մեկ գոտուն զուգահեռ կձևավորվի ևս մեկ ճանապարհ, որը կսպասարկի հարակից շենքերը:
Երկու շաբաթ հետո Երևանի քաղաքապետարանը պետք է հայտնի, թե Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածում երբ է վերականգնվելու երթևեկության երկրորդ շարքը։ Կառույցի գործակարգավարական այսօրվա նիստի ընթացքում այդպիսի հանձնարարական է տվել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, գրում է Factor.am-ը։
Երևանի մյուս փոխքաղաքապետ Ստեփան Մաչյանը հայտնել է, որ ճարտարապետական և քաղաքաշինական վարչությունում համապատասխան դիմում կա, որով այդ տարածքում կառուցապատում իրականացնող «Սահակյանշին» ընկերությունը դիմել է հողօգտագործման թույլտվությունների համար, որի հիման վրա կազմվել է քաղաքապետի որոշման նախագիծ։
Ավինյանն արձագանքել է՝ նշելով, որ երևանցիներին հետաքրքրում է, թե երբ է վերականգնվելու երթևեկության երկրորդ գիծը, և չի հետաքրքրում քաղաքային իշխանությունների և կառուցապատողի միջև բանակցությունները։
«Ուզում եմ հստակ շեշտել, որ խճուղու մեկ գիծը վերականգնվելու է և ձևավորվելու է խճուղուն զուգահեռ ևս մեկ ճանապարհ, որը սպասարկելու է այդ հատվածում կառուցված շենքերին, այսինքն՝ կառուցելու ենք ևս երեք գիծ»,- պատասխանել է Մաչյանը։
«Խճուղում մեկ գիծը վերականգնվելու է, երկու շաբաթ հետո ասելու ենք՝ երբ»,- նշել է Ավինայնը։
2022-ի մայիսի 20-ին Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող հատվածում տեղի էր ունեցել ճանապարհահատվածի փլուզում։ Դրա հետևանքով խճուղին մինչև հունիսի 14-ը երկկողմանի փակ էր։ 2022-ի հուլիսին հայտարարվեց, որ կապալառու «Սահակյանշին» ՓԲ ընկերությունը շինարարական աշխատանքներն իրականացրել է համաձայնեցված աշխատանքային նախագծից կոպիտ շեղումներով․ քանդման և հողային շինարարական աշխատանքներն իրականացվել են շինարարական հրապարակի սահմաններից դուրս՝ համայնքային սեփականության հողամասի սահմաններում՝ խճուղու եզրագծով։ Բացի այդ, շինարարական աշխատանքների ընթացքում չի պահպանվել համաձայնեցված աշխատանքային նախագծով նախատեսված փոսորակի լանջի 27 աստիճան թեքությունը, որի պատճառով տեղի է ունեցել խճուղու մի հատվածի փլուզում։