AM
3 July 2023 - 11:47 AMT

Փաստաբան․ 3 ամիս պնդում էին՝ հրդեհված զինկացարանում նկարահնում չի արվել, բայց ՓԾ-ն 10-ից ավելի լուսանկար է տվել

Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհից զոհված 15 զինծառայողի գործով ծնողներին ներկայացնող փաստաբան Նորայր Նորիկյանը հայտնել է, որ դեպքի վայրում ծնողների մասնակցությամբ տեղի են ունեցել կարևոր քննչական գործողություններ։

«Երեք ամիս շարունակ համառ պնդումներ էին անում, որ որևէ տեսա-լուսանկարահանում տեղի չի ունեցել, սակայն մենք Փրկարար ծառայությունից ստացել ենք 10-ից ավելի լուսանկար, որոնք ամբողջական չեն, սակայն հավաստում են, որ այդ վայրում լավ էլ տեսա-լուսանկարահանում իրականացվել է,- ասել է Նորիկյանը, տեղեկացնում է Factor.am-ը։

Անդրադառնալով հարցին, թե այդ լուսանկարներում զինծառայողների մարմինները որտե՞ղ են գտնվել՝ Նորիկյանը պատասխանել է, որ դա նկարահանված չէ, չի երևում։

«Այն պահից է նկարահանված, երբ իրենք, ենթադրաբար, հարմար են համարել մեզ տրամադրել։ Սակայն, առաջին համոզմունքն այն է, որ եթե այդքանը լուսանկարել են, բացառված է, որ դրան նախորդող ժամանակահատվածում լուսանկարահանում ու տեսանկարահանում իրականացված չլինի։ Այդ պահին ենթադրաբար մարմիններն արդեն դուրս բերած են եղել: Ես ավելի պնդումներ չանեմ, քանի որ այլ եզրակացություններ էլ կան»,- նշել է փաստաբանը։

Նա նաև հայտնել է, որ զոհված զինծառայողների ծնողները 2-րդ անգամ փակ հանդիպում են ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 28-ին։

Փաստաբանը նշել է, որ այդ հանդիպմանը անձամբ չի մասնակցել և կոռեկտ չէ, որ հանդիպման բովանդակության մասին տեղեկատվություն հայտնի։

Խոսելով սպասվելիք փորձաքննությունների եզրակացությունների մասին՝ փաստաբանը հայտնել է, որ, ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն, հուլիսին, հնարավոր է, որ դրանց պատասխանները ստացվեն։ Դրանից հետո մեծ հավանականություն կա, որ վարույթ իրականացնող մարմնի կողմից կհայտարարվի նախաքննության ավարտի մասին և գործը կուղարկվի դատարան։

«Տուժողներն այս ժամանակահատվածում տվել են ցուցմունքներ, որոնցում, մեր խորին համոզմամբ, առկա են ՀՀ օրենսդրությամբ արգելված արարքների մասին պնդումներ, սակայն թե դրանց հիման վրա ինչպիսի քննություն է տարվել և դրանց արդյունքում ի՞նչ է պարզվել կամ հերքվել` դեռևս մեզ հայտնի չէ։ Տուժողների մոտ ձևավորվում է տպավորություն, որ վարույթ իրականացնող մարմինը այդպես էլ խորամուխ չեղավ այլ վարկածների մեջ, և այդ իսկ պատճառով նրանց մոտ կասկածները չեն փարատվել»,– ասել է Նորիկյանը։

Փաստաբանը հավելել է, որ այլ վարկածներ ասելով` տուժողները չեն բացառում ինչպես դիվերսիայի, այնպես էլ դիտավորությամբ այս հանցագործությունը կատարելը, որը կարող էր կապված լինել դիզվառելիքի առևտրի, ռազմամթերքի հնարավոր վաճառքի, պետական դավաճանության, հակառակորդի հետ գաղտնի համագործակցության և թմրամիջոցի ապօրինի շրջանառության հետ։

«Այնպիսի տպավորություն ենք ստանում, որ վարույթն իրականացնող մարմինը հակված է պաշտոնական վարկածը բյուրեղացնել և այդ եզրակացությամբ այն ուղարկել դատարան, նույնիսկ այն դեպքում, երբ դրա շրջանակներում անգամ պարտավոր է քրեական հետապնդում հարուցել մի շարք պաշտոնյաների նկատմամբ»,-ասել է նա։

Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Բռնկված հրդեհից 15 ժամկետային զինծառայող է զոհվել, 3 անձ հոսպիտալացվել է, որոնցից մեկը սպա է։ Դեպքին հաջորդել են պաշտոնանկություններ՝ այդ թվում պաշտոնից ազատվել է ԶՈւ հրդեհային անվտանգության վարչության ծառայության պետ Սարգիս Մազմանյանը, ինչպես նաև 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Ֆրունզի Գրիգորյանը։

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում զինվորական կացարանում 15 զինծառայողի մահվան պատճառ դարձած հրդեհի քրգործով մայոր է ձերբակալվել։