«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մարդատար գնացքը, որը գործում է Երևան-Բաթում-Երևան երթուղով, ժամանակավոր կգործի մինչև Թբիլիսի։ Դա պայմանավորված է նրանով, որ հուլիսի 1-ին Վրաստանի կենտրոնական շրջաններից մեկում տեղի ունեցած սողանքի հետևանքով վնասվել է Թբիլիսին սևծովյան շրջանների հետ կապող երկաթգիծը, ինչի պատճառով դադարեցվել է ուղևորատար գնացքների շարժը մայրաքաղաքի և Բաթումի միջև։
Հուլիսի 2-ի չվերթը ևս իրականացվել է մինչև Վրաստանի մայրաքաղաք, իսկ գնացքի մոտ 200 ուղևոր ընկերության հաշվին ավտոբուսներով տեղափոխվել է Բաթում։
Վրաստանի երկաթուղային ադմինիստրացիան հավաստիացնում է, որ կատարվում է հնարավորինը սողանքի հետևանքները վերացնելու և ուղևորատար փոխադրումները վերականգնելու ուղղությամբ: Երևանից Բաթում հաջորդ չվերթը նախատեսված է հուլիսի 4-ին, ինչի վերաբերյալ ընկերությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։ Չի բացառվում, որ մինչ այդ ուղևորափոխադրումները վերականգնվեն։
Նշվում է, որ ՀԿԵ ընկերությունը կկատարի իր ուղևորների առջև ստանձնած պարտավորությունները ամբողջությամբ։ Ընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը իրենից անկախ հանգամանքների պատճառով հասցրած անհարմարությունների համար։