AM
3 July 2023 - 13:55 AMT

Խոշտանգումների կանխարգելման եվրոպական հանձնաժողովում ՀՀ անդամի թեկնածուների առաջադրման մրցույթ է հայտարարվել

Հայաստանը, որպես «Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին» եվրոպական կոնվենցիայի մասնակից պետություն, իրավասու է առաջադրելու Խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական հանձնաժողովի (CPT) անդամ:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը հայտարարում է մրցույթ` Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական հանձնաժողովում (CPT) Հայաստանի անունից անդամի թեկնածություններ ԵԽԽՎ-ին առաջադրելու համար:

Համաձայն ընթացակարգի` ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը պետք է Վեհաժողովին ներկայացնի երեք թեկնածություն, որոնցից կընտրվի մեկ անդամ:

Թեկնածուները պետք է գերազանց տիրապետեն ԵԽ պաշտոնական լեզուներից առնվազն մեկին (անգլերեն, ֆրանսերեն) մյուս պաշտոնական լեզվի առնվազն պասիվ իմացությամբ: Ցանկալի է, որ ներկայացվի լեզվի իմացությունը հավաստող վկայագիր: Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն ինքնակենսագրություն (CV): Ինքնակենսագրության ձևանմուշը պետք է լրացվի անգլերենով կամ ֆրանսերենով: Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2023 թվականի հուլիսի 14-ը:

Մրցույթի նախնական (փաստաթղթային) փուլը հաղթահարած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Մանրամասներին ծանոթանալու համար կարելի է զանգահարել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության քարտուղար Կարինե Շիմշիրյանին հետևյալ հեռախոսահամարով` 011 513-430: