AM
4 July 2023 - 06:51 AMT

ԱՄՆ դեսպան․ Եթե ապագայում հնարավոր լինի կառուցողական աշխատել ՄԽ շրջանակում, ԱՄՆ-ն դեմ չէ դրան

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման նպատակով ստեղծված ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահության ձևաչափի մասին, ասել է, որ խումբը չի չեղարկվել։

«Մինսկի խումբը չի դադարել։ Եթե ապագայում հնարավոր լինի կառուցողական աշխատել ՄԽ շրջանակում, ապա ԱՄՆ-ն դեմ չէ դրան։ Մենք դա անպայման կդիտարկենք»,- ասել է նա։

Դեսպանը նշել է, որ ԱՄՆ-ն փորձում է գտնել ուղիներ ու կազմակերպություններ, որոնց շրջանակում հնարավոր կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ արդեն ընթացող քննարկումներն առաջ տանել ու վերջնարդյունքի հասցնել։

«Դժբախտաբար, Ռուսաստանն Ուկրաինայում իր ագրեսիվ գործողությունների պատճառով հանդես չի եկել որպես լավ գործընկեր։ Ուստի մենք աշխատում ենք մեր վստահելի գործընկերների հետ՝ փորձելով առաջ տանել վերոնշյալ գործընթացը»,- ասել է ԱՄՆ դեսպանը։

Հունիսի 27-29-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Վիրջինիա նահանգի Արլինգթոն քաղաքի Ջորջ Շուլցի արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում անցկացրել են երկկողմ բանակցություններ: Վաշինգտոնում ԱԳ նախարարները հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: Բանակցություններին զուգահեռ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ԶՈւ կրակի արդյունքում ՊԲ 4 հայ զինծառայող զոհվեց։ Արցախի ԱԳՆ-ն կոչ էր արել անհապաղ դադարեցնել բանակցությունները՝ քանի դեռ լիակատար հրադադար չի հաստատվել։ տեղի ունեցավ ռազմական բախում, որի հետևանքով զոհվել են չորս հայ զինծառայողներ:

Հայաստանի ու Ադրբեջանի միջև բարձր մակարդակի հաջորդ հանդիպումն այս պահին նախատեսված է հուլիսի 21-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ: