AM
4 July 2023 - 08:00 AMT

«Որդիների կանչը» միացել է «Հայաքվե» ստորագրահավաքին․ Մեր որդիների կորուստը կիմաստավորվի միայն ազատ Արցախով

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների հիմնած «Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը միացել է «Հայաքվե» ստորագրահավաքին։

«Մեր որդիների կորուստը կիմաստավորվի միայն ազատ Արցախով, և բոլորիս պարտավորությունն է իրականություն դարձնել այդ նպատակը»,-նշել են նրանք, ասվում է նախաձեռնության ֆեյսբուքյան էջում։

Նրանք ստորագրահավաքի էին եկել Կենտրոնի թաղապետարանում։ Նրանք նախապես հայտարարել էին, որ այն նախաձեռնություններին, որոնք օգնում են Արցախը պահել հայկական, աջակցելու են, գրում է Aysor.am-ը։

«Որդիների կանչ» ՀԿ անդամ, 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի հայր Արա Ռոստոմյանը «Հայաքվեն» կարևորում է մի քանի տեսանկյունից։

«Աշխարհի շատ երկրներում կա Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեականացում։ Այս նախաձեռնության մի հատվածը հենց ցեղասպանության ժխտման հետ է կապված։ Երկրորդն այն է, որ Արցախը այլ երկրի կազմում որևէ մեկի կողմից ճանաչելը կամ այդ մասին խոսույթը նույնպես քրեականացվում է։ Այդ առումով այս նախաձեռնությունը, որպես քաղաքացիական նախաձեռնություն, առաջին անգամն է Հայաստանում»,- լրագրողների հետ զրույցում նշել է Ռոստոմյանը։

Մինչև այս նախագիծը շրջանառության մեջ դրվելն ու ԿԸՀ ներկայացնելը Հայաքվեի նախաձեռնող խմբի անդամները հյուրընկալվել են «Որդիների կանչ» ՀԿ-ում ու մանրասն ներկայացրել են նախաձեռնության նպատակը։

«Եվ այսօր մենք մեր ՀԿ անդամներով, միահամուռ ուժերով մեր քաղաքացիական պարտքն ենք տալիս։ Սա համախմբման ևս մեկ առիթ է, և եթե անհրաժեշտ 50,000 ստորագրությունը հավաքվելուց հետո ԱԺ-ն մերժի, օրակարգ չներառի նախագիծը կամ ի վնաս դրա քվեարկի, այդ 50,000-ն էլ պետք է ոտքի կանգնեն ու իրենց քվեին տեր կանգնեն»,- ընդգծել է Արա Ռոստոմյանը։

«Հայաքվեի» նպատակը Քրեական օրենսգրքում 2 հոդված ավելացնել է՝ քրեական պատասխանատվություն սահմանելով ցանկացած փաստաթղթի ստորագրման դեպքում, որով Արցախի Հանրապետությունը կընդգրկվի այլ պետության կազմում: Մյուս հոդվածով նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու և նրա պատմական նշանակությունը նսեմացնելու համար:

60 օրվա մեջ պետք է հավաքել 50 հազար ստորագրություն։ Եթե այդ քանակով ստորագրություն հաջողվի հավաքել, ապա հնարավոր կլինի նախագիծ մտցնել Ազգային ժողով։ Եթե Ազգային ժողովն օրենքի նախագիծը չընդունի, այդ դեպքում հնարավորություն կա ժողովրդից նորից խնդրել աջակցություն, ստանալ ևս 300 հազար ստորագրություն, և հարցը օրենքի ուժով տանել հանրաքվեի։ Այդ դեպքում շրջանցում են նաև Ազգային ժողովը ու գնում հանրաքվեի։