AM
4 July 2023 - 08:20 AMT

ԱՄՆ դեսպանը՝ Ադրբեջանի կազմում ԼՂ հայերի անվտանգ ապրելու մասին․ Մենք հավատում ենք և հուսով ենք, որ դա հնարավոր է

ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը հնարավոր է համարում Ադրբեջանի կազմում Արցախի գոյությունը և արցախահայության անվտանգ ապրելու հնարավորությունը։ Այս մասին նա հայտարարել է Հանրային հեռուստաընկերության եթերում։

«Մենք հավատում ենք և հույս ունենք, որ դա հնարավոր է։ Կարծում ենք, որ բոլոր կողմերը պետք է միասնաբար ջանքեր գործադրեն, որպեսզի դա հնարավոր դարձնեն։ Միացյալ Նահանգները կարծում է, որ դա է ճիշտ մոտեցումը։ Բոլոր կողմերին քաջալերում ենք, որպեսզի միասնաբար ջանքեր գործադրեն՝ ապահովելու նշված իրավունքները և անվտանգությունը։ Բոլոր կողմերն ասել են, որ իրենք համարում են, որ ԼՂ-ում ապրողների իրավունքները և անվտանգությունը պետք է երաշխավորված լինեն, և հիմա նրանց մնում է գտնել դա անելու, դա ապահովելու ճանապարհը»,– նշել է դեսպանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Այն հարցին, թե արդյոք հնարավոր է Ստեփանակերտ–Բաքու երկխոսություն կազմակերպել, Քվինը պատասխանել է` ԱՄՆ–ն համարում է, որ ցանկացած քննարկում, բանակցություն և խոսակցություն առաջընթացի ճիշտ ուղին է։

Դիվանագետի պնդմամբ` մնում է օգնել, որպեսզի 2 կողմին մտահոգող հարցերը լիովին ընկալվեն ու կարողանան գտնել ապագայի ճանապարհը։

Քվինի խոսքով ԱՄՆ–ն համարում է, որ Հայաստանը որպես ինքնիշխան պետություն, կարող է որոշել, թե ովքեր են իր դաշնակիցները։

«Միացյալ Նահանգները ցանկանում է խաղաղություն տեսնել Եվրոպայում և Հարավային Կովկասում։ Մենք պատրաստ ենք խոսել ցանկացած կողմի հետ, որը կարող է դրական տեսլական ներկայացնել տարածաշրջանին խաղաղություն բերելու համար»,– ասել է դեսպանը։

Նա ընդգծել է` ԱՄՆ–ն և Եվրոպական միությունը շատ ակտիվ ներգրավված են այդ գործընթացներում, քանի որ տեսնում են, որ Հարավային Կովկասում խաղաղություն և անվտանգություն ունենալը շահեկան է։

Հունիսի 27-29-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Վիրջինիա նահանգի Արլինգթոն քաղաքի Ջորջ Շուլցի արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում անցկացրել են երկկողմ բանակցություններ: Վաշինգտոնում ԱԳ նախարարները հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: Բանակցություններին զուգահեռ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ԶՈւ կրակի արդյունքում ՊԲ 4 հայ զինծառայող զոհվեց։ Արցախի ԱԳՆ-ն կոչ էր արել անհապաղ դադարեցնել բանակցությունները՝ քանի դեռ լիակատար հրադադար չի հաստատվել։ տեղի ունեցավ ռազմական բախում, որի հետևանքով զոհվել են չորս հայ զինծառայողներ:

Հայաստանի ու Ադրբեջանի միջև բարձր մակարդակի հաջորդ հանդիպումն այս պահին նախատեսված է հուլիսի 21-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ: